Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե որևէ մեկը վնասել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերին, ապա դա Արևմուտքն է». Զախարովա

«Եթե որևէ մեկը վնասել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերին, ապա դա Արևմուտքն է». Զախարովա
Քաղաքականություն
15:26, 17 февраль 2023
Ռուսական կողմը հաստատում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու իր պատրաստակամությունը, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

Այդ համատեքստում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս «օգտակար» այց կատարեց Երևան և Բաքու. և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը այս հարցում մեր երկրի միջնորդության նկատմամբ, նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որը մեղադրում էր Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու մեջ։

«Եթե որևէ մեկը վնասել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ջանքերին, ապա դա արել են իրենք՝ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է նետվել դեռ անցյալ տարվա փետրվարին»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ։

«Հստակ բացատրություն սրան չկար: Դա հաշվի առնելով՝ մենք կենտրոնացել ենք Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու եռակողմ ձևաչափերի շրջանակներում՝ հիմնված ամենաբարձր մակարդակով մի շարք համապատասխան պայմանագրերի վրա, ինչի մասին բազմիցս ասել ենք և բացատրել»,- ասել է նա: 

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա ՌԴ ԱԳՆ-ն չի տեսնում, որ այն հագեցած լինի իրական քայլերով և որևէ հավելյալ արժեք ունենա։