Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի բացառվում, որ Քոչարյանն ու նախկին մարզպետը Քաջարանում պարտվեն խայտառակ ձևի․ Գրիգոր Հարությունյան

Չի բացառվում, որ Քոչարյանն ու նախկին մարզպետը Քաջարանում պարտվեն խայտառակ ձևի․ Գրիգոր Հարությունյան
Քաղաքականություն
20:44, 17 май 2021
«Մեղրիում ժողովրդի մեծ մասը հիմնականում հետևում է պաշտոնական լրատվությանը։ Դա են ընդունում, իսկ էդ ավել-պակաս խոսակցությունների մասին էլ վարչապետն այսօր մանրամասն ներկայացրեց, միանշանակ ասաց, որ միջանցք չկա և չի  լինելու։ Դե 5-րդ շարասյունն է էլի, բա էդքան միլիոններ են դրել, էդքան լրատվամիջոցներ ունեն, պիտի իրենց արդարացնեն, թե չէ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիում բնակվող ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը։
 
 Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց հետևյալը․ «Ուզում եմ կրկին հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու»:

 «Ես շփվում եմ, ինձ համար էլ է հետաքրքիր, մարդիկ ինձ մոտենում են զրուցում են այդ թեմայով, կարծիք են հարցնում, բացատրում եմ, նորմալ ընկալում են, շատ վատ են վերաբերվում այդ ապատեղեկատվությանը, դրանց գործունեությանը, խուլիգանությանը։ Այնպես որ էդ Վահե կոչեցյալը ընկել է մեջտեղ, Քոչարյանի կոմբինատի տիրություն անողն է․ Քաջարանի կոմբինատն ինքն է տիրություն անում։ Ինքն էր կազմակերպել ու ավտոբուսներով մեծ քանակությամբ մարդ բերել հանրահավաքին։ Ասում են՝ չորս ավտոբուս էլ Ագարակից են գնացել, Կապանից են հավաքել տարել, ըստ երևույթին քաղաքապետն իր կողմնակիցներին է տարել։ Ամբողջ Հայաստանից հավաքեցին, հավաքեցին, մի 4000 մարդ հավաքեցին էնտեղ։ Էդ են դրանք։ Ընդ որում՝ այդ գնացած մարդիկ, որոնց ասել են  գործից կհանեն և այլն, ավելի վատ են տրամադրված նրանց նկատմամբ»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

 Մեր զրուցակիցը նշում է, որ, իհարկե, անհանգստալ պետք է, բայց խիստ անհանգստանալ պետք չի։ «Բա էդքան բան անում են ինչի՞ համար, որ մարդկանց վրա ազդեցություն ունենան, որ մարդիկ մտքափոխվեն, տրամադրվեն իշխանությունների դեմ։ Էդ բոլորը սև փիառ է էլի»,-ասաց Գրիգոր Հարությունյանը։   
 
 Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ Գրիգոր Հարությունյանն ասաց, որ մինչև վարչապետի ասելն էլ, այսօր ինքը գնացել է Մեղրիի կենտրոն, մարդիկ մոտեցել են, կարծիք են հարցրել և այն, ինչն ասել է վարչապետը, նույն բանն ասել է նաև ինքը և հանգստացրել ժողովրդին։

 «Հիմա էլ, որ վարչապետն ասաց, ժողովրդի համար ընդունելի էր։ Բայց դե սրիկայություն են անում էլի, չի կարելի էդ աստիճանի։ Հիմա էդ յեքյա կոմբինատը լափում եք, միլիոնները ձեր տակը դրած, ջրի գնով վաճառեցիք, վերցրեցիք, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից, էս երկրից։ Պղնձի, մոլիբդենի գները բարձրացել են, ժողովրդի աշխատավարձը չեն բարձրացնում։ Այսինքն՝ ստրկատիրական, ֆեոդալական կարգերին բնորոշ վիճակ է։ Եվ ասեմ, որ Քաջարանի ժողովուրդն էլ շատ վատ են տրամադրվել հենց Քաջարանի կոմբինատի տնօրինության դեմ, էդ ճնշումների դեմ։ Վերջապես մարդիկ են չէ՞ ինքնասիրություն ունեն։ էդ ում էդպիսի ռամկաների մեջ դնես, որ չըմբոստանան։ Եվ չի բացառում, որ միանգամից այնպիսի արդյունքներ լինեն, որ Քոչարյանն ու նախկին մարզպետն էնտեղ պարտվեն խայտառակ ձևի»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։
 
 Մեր այն հարցին, թե ՀԺԿ-ն ընտրություններին կմասնակցի, թե՝ ոչ, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա, բայց, ամեն դեպքում, իրենք ամեն ինչ կանեն, կնպաստեն, որ երկրում նորմալ ընտրություններ լինեն։ 
 
Լիլիթ Թադևոսյան