Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսից մահացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը

Կորոնավիրուսից մահացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
Քաղաքականություն
10:41, 18 февраль 2021

Կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ «Պարոն Կարապետյանը մահացել է այսօր լուսադեմին։ Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ինֆեկցիայի հետևանքով»,- Civic.am-ին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։ 72-ամյա Կարապետյանը գտնվում էր «Նաիրիի» կենտրոնի վերակենդանացման բաժնում: 

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախկին նախարարը մեղադրյալ էր պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու քրգործով։ Այս գործով հիմնական մեղադրյալը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նա ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի դեմ, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը ներգրավվել էր այս գործով որպես մեղադրյալ։ 

Մեկ տարի դատարանում քննվող գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: 

Ըստ մեղադրանքի՝ քննվող դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին։ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:

Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունը: Արդյունքում պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ և բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:

Մարինե Խառատյան