Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պարգեւավճարների մասին պտտվող թիվը սուտ է․ կամ ապացուցեք, կամ ներողություն խնդրեք»․ Բաբկեն Թունյան

«Պարգեւավճարների մասին պտտվող թիվը սուտ է․ կամ ապացուցեք, կամ ներողություն խնդրեք»․ Բաբկեն Թունյան
Քաղաքականություն
15:24, 04 июнь 2021
«Վերջին օրերին կրկին շրջանառվեց պարգեւավճարների թեման։ Ասվում է, թե պետական պաշտոնյաները 2020թ․-ին ստացել են մոտ 120 մլն դոլարի պարգեւավճար։ Այդ թիվը սուտ է։ Նման հայտարարություններ անողները չեն ներկայացրել հիմնավորումներ»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա հայտնեց, որ ըստ ֆինանսների նախարարության տեղեկագրի՝ 2020թ․-ին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65․5 մլրդ դրամ, բաժանվել է այդ թվի մոտ 30 տոկոսի չափով պարգեւավճար, այսինքն՝ մոտ 22 մլրդ դրամի։

«Այդ թվի մեջ մտնում են նաեւ հարկերը։ Եթե հարկերը հանենք, կստացվի մոտ 35 մլն դոլար։ Ընդ որում, այս գումարը բաժանվել է ոչ թե պետական պաշտոնյաներին, այլ 20 հազար պետական ծառայողներին։ Այնպես որ, մանիպուլյացիա են լուրերը, թե պետական պաշտոնյաները պարգեւավճարներով չգիտեմ ինչեր են արել։ Մեկ աշխատողի հաշվով ամսական մոտ 90 հազար դրամ պարգեւավճարի մասին է խոսքը», - նշեց Բաբկեն Թունյանը։

Նա մանիպուլյացիա անողներին հորդորեց կա՛մ ապացուցել իրենց հրապարակած թվերի իսկությունը, կա՛մ ներողություն խնդրել հանրությունից։