Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե մենք պարգևավճարների թիվը հստակ չենք ասում, դա տեղիք է տալիս սխալ ինֆորմացիաների դաշտ գալուն ու որոշ դեպքերում արդարացված դժգոհության․ Բաբկեն Թունյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին․ Տեսանյութ

Եթե մենք պարգևավճարների թիվը հստակ չենք ասում, դա տեղիք է տալիս սխալ ինֆորմացիաների դաշտ գալուն ու որոշ դեպքերում արդարացված դժգոհության․ Բաբկեն Թունյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին․ Տեսանյութ
Քաղաքականություն
15:04, 02 июнь 2021
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց՝ պարգևավճարների մասին։

«Ամենաշատ քննարկվող հարցերից է, ամենաշատ շահարկվող թեմաներից է, ամենաշատ մանիպուլացվող, տարբեր թվեր են հնչում, ես կխնդրեմ՝ Դուք հստակ թիվը ներկայացնեք 2020 թվականի ընթացքում պետական համակարգում աշխատավարձերի չափը և պարգևավճարների չափը որքա՞ն է եղել և դա որքանո՞վ է շեղվել 2020 թվականի բյուջեով հաստատված պլանից»,- հարցրեց Բաբկեն Թունյանը։

Ի պատասխան, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2019 և 2020 թվականներին, թերևս ամենաքննարկվող հարցերից է եղել պարգևավճարների հարցը, իրենց էլ թվացել է, որ բավականին մանրամասն անդրադարձ արվել է այս հարցին՝ տարբեր ձևաչափերով, տարբեր հարթակներում, այդ թվում՝ ԱԺ-ում, այդ թվում՝ հանձնաժողովների համատեղ նիստերում, լիագումար նիստերի ընթացքում։

«Մինչև թվերին անդրադառնալն ուզում եմ տրամաբանությանն անդրադառնալ, որովհետև միայն թվի մասին խոսելը չեմ կարծում, թե բացահայտի բովանդակությունը։ Ինչ իրավիճակ մենք ունեինք մինչև 2019 թվականը։ Մենք ունեինք պատմականորեն զարգացման տարբեր փուլերում ձևավորված վարձատրության, ըստ էության, ոչ միասնական համակարգ, որովհետև մի կողմից օրինակ՝ կար ֆինանսների նախարարություն, որի համար 20 տարի բյուջեի մասին օրենքով նախատեսվում էր պարգևատրման համար առանձին տող և կային պետական մարմիններ, որոնք չունեին պարգևատրման համար առանձին տող նախատեսված ոչ միայն բյուջեում, այլ չունեին նաև մինչ այդ։ Եվ մինչև ԱԺ-ի կողմից 2019 թվականին արտաբյուջետային հաշիվների գործողությունը դադարեցնելու վերաբերյալ օրենքներում փոփոխությունների հետ կապված այլընտրանքային աղբյուր չունեին նաև, որն ըստ էության հանդիսանում էր արտաբյուջեն։ Արտաբյուջետային հաշիվներ, որոնք նույնպես ձևավորվել են տարբեր զարգացումների արդյունքում»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը։ 

Այնուհետև նա որպես օրինակ բերեց այն, որ մի դեպքում ՊԵԿ-ի հարկային մասում ստուգումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների ինչ-որ տոկոս, մյուս դեպքում՝ ՊԵԿ-ի մաքսային որոշակի ծառայությունների համար էլի ինչ-որ տոկոս։

Վերջինս նշեց, որ մինչ այդ էլ Ֆինանսների նախարարությունն ուներ արտաբյուջե, որը գոյանում էր ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության կողմից կատարված ստուգումների  արդյունքում արձանագրված լրացուցիչ գումարների ինչ-որ տոկոսի չափով և այդ որոշումը կայացվել է մոտավորապես երկու տասնամյակ առաջ։

«Ֆինանսների նախարարության վերահսկողության աշխատողի մոտիվացիան՝ լրացուցիչ գումարներ բացահայտելու միայն այն հանգամանքով պայմանավորված, որ դրանից ինքը լրացուցիչ հատուցման հնարավորություն է ունենալու, դա նախատեսվել է  պետական բյուջեում»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Այնուհետև նա նշեց, որ կային պետական մարմիններ, որտեղ լրացուցիչ հատուցման որևէ հնարավորություն չկար։   
    
Անդրադարձ կատարելով թվերին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց

«Պետական կառավարման համակարգում աշխատակիցների հանրագումարային հատուցման միջին ցուցանիշը ամսական 360 000 դրամ է»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Արձագանքելով՝ Բաբկեն Թունյանն ասաց, որ ամենակարևորը հարցը, որ հետաքրքրում էր, պատասխանը չլսեցին, բայց եթե դա որոշակի ժամանակ է  պահանջվում, ապա Բաբկեն Թունյանը խնդրեց, որ մինչև մյուս զեկուցողները ելույթներ կունենան, այդ թիվը Ջանջուղազյանը հնչեցնի, որովհետև այդ թիվը նախկինում էլ է հնչեցվել՝ ընդհանուր աշխատավարձի ֆոնդը և պարգևավճարների չափն ինչքան է եղել։

«Եթե մենք այդ թիվը հստակ չենք ասում, անգամ ասելու դեպքում էլ, դա տեղիք է տալիս այլ սխալ ինֆորմացիաների դաշտ գալուն ու նաև հասարակության շրջանում որոշ դեպքերում արդարացված դժգոհության։ Մարդիկ լսում են այն ինչ լսում են»,- ասաց Բաբկեն Թունյանը։    

Տեսանյութը՝ այստեղ