Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսը հայտարարել է ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին

Բելառուսը հայտարարել է ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին
Քաղաքականություն
20:44, 28 июнь 2021
Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը. գրում է iz.ru-ն հղում անելով Բելառուսի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը:

«Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառված աննախադեպ պատժամիջոցների կապակցությամբ այսօր արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսի Հանրապետությունում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը»,- նշել են գերատեսչությունում:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, դիվանագետին տեղեկացրել են ԵՄ քայլերին ի պատասխան Բելառուսի քայլերի մասին, մասնավորապես՝ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը մասնակցությունը դադարեցնելու մասին։

Բացի այդ, Մինսկը կարգելի Բելառուս մուտք գործել եվրակառույցների ներկայացուցիչներին և ԵՄ երկրներից այն անձանց, որոնք «նպաստել են Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցների կիրառմանը»:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Եվրամիությունը պաշտոնապես ընդունել է Բելառուսի նկատմամբ ոլորտային տնտեսական պատժամիջոցները։
Մինսկի դեմ Արևմուտքի միջոցները սահմանվում են Ryanair ավիաընկերության օդանավի հետ կապված միջադեպի ֆոնին, որը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Բելառուսի մայրաքաղաքում։ Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվախային անկարգություններին մասնակցելու համար: