Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աջակցության ծրագրերը պետք է վերափոխել Արցախի զարգացման ծրագրերի. ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ
ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման
հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-
օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը
համարել ենք Արցախում բնականոն կյանքի վերականգնումը: Այս ընթացքում մենք այդ ուղղությամբ բավականին
աշխատանք արել ենք, բայց դեռևս շատ մեծ աշխատանք կա անելու:

Վերջերս Արցախի նախագահի հետ աշխատանքային հանդիպումներում այդ թեման ավելի հաճախ ենք քննարկում, որ
զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի բնականոն կյանքի
վերականգնումը վերաձևակերպենք և Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնենք: Ուրախ եմ,
որ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ ենք նշմարում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի գտնենք
Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը,
ներդրումների միջավայր ձևավորելուն:

Իհարկե, հասկանալի է, որ սա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ ու մենք պետք է առանց
շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս
հարցերը կարողանանք լուծել»:

Իր հերթին, ԱՀ նախագահ Արյաիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի գործընկերներ,
հետպատերազմյա իրավիճակում միանշանակ մեզ հաջողվել է Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների
հաշվին Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ: Անկախ տեղահանված բնակչության թվաքանակից՝ մենք
սուր խնդիրներ չենք ունեցել:

Իհարկե, խնդիրներ մինչ այսօր կան բնակարանային հարցերի հետ կապված, բայց սոցիալական վճարները թույլ են
տվել լուծել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք: Սոցիալական առումով Հայաստանի Հանրապետության
կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ մենք որոշակի տնտեսական
ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր
ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց
շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել:

Երեկ մեզ հաջողվել է քննարկել և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, իհարկե պետք են լինելու արդեն
Ձեր հանձնարարությունները, որ այն մտքերը, որ ունեցել ենք, դառնան ծրագրեր: Ժողովրդագրական դրական պատկեր
ունենալու առումով մեզ սոցիալական ծրագրերից բացի պետք են լինելու իրականացնել տնտեսական կոնկրետ
ծրագրեր՝ աշխատանքի ապահովման, տնտեսության վերականգնման նպատակով:

Բայց նաև ուզում եմ մի հետաքրքիր թիվ նշել. 2021 թվականի պետական բյուջեի նախագծով մեր սեփական մուտքերը
պլանավորել էինք 16-17 մլրդ դրամ, բայց հաստատ 30 մլրդ դրամի ցուցանիշն անցնելու ենք: Ամենախոշոր
հարկատուն, գործատուն՝ «Բլեզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքն արդեն աշխատում է 15-20 տոկոսով, և եթե մեզ
հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ծրագրերն իրականացնել, արդեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներից
այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի
Արցախի պետական բյուջե:

Դրա համար ջրային ծրագրերն արդեն սկսել ենք, երևի 3 ամսում կավարտենք, իսկ էներգետիկ առումով շատ ավելի
երկար ժամանակ է պետք: Բայց զուգահեռ մենք արդեն Չարեքթար-Գետավան հատվածում սկսել ենք 17 մեգավատ
հզորությամբ մեկ հիդրոէլեկտրոկայանի շինարարության աշխատանքները: Առաջին փուլում տարբեր աղբյուրներից
ռեսուրսներ ենք ներգրավելու, այն դառնալու է բաց բաժնետիրական ընկերություն, ինչը թույլ է տալու ներդրողներից
ներգրավել ռեսուրսներ: Մենք ունենք նման փորձ «Արցախ հէկ»-ի հետ և խնդիր ենք դրել 2022-2023 թվականների
ձմռանն այդ հզորությունը շահագործել: Իսկ նոր ճանապարհի վրա արդեն պլանավորում ենք ավելի հզոր բարձրավոլտ
հիդրոէլեկտրոկայան կառուցելու ծրագիր, որն այդ հնարավորությունը տալու է: Երկրորդ մեր կարևոր ծրագիրն
առնչվում է Սարսանգ-Մատաղիս հատվածում մինչև 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը,
այդ պարագայում արդեն մենք դառնալու ենք ինքնաբավ:

Գյուղատնտեսության առումով որոշակի ծրագրեր սկսված են, մասնավորապես նոր այգիների կառուցման մասով:
Արդեն ժողովրդի մոտ այդ ցանկությունը կա, դրա համար այսօրվա մեր քննարկումն ահագին հարցեր կլուծի: Պարոն
վարչապետ, ուզում եմ նորից Ձեր գլխավորությամբ ՀՀ կառավարությանը շնորհակալություն հայտնել՝ այս ընթացքում
բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու և դրանց լուծումներ տալու համար»: