Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային մուլտիպլեքսից պետք է հեռացնել բոլոր օտարերկրյա ալիքները. Հասարակությունը չպետք է մոլորեցվի մարգարիտասիմոնյաններով, ռոմանբաբայաններով

Հանրային մուլտիպլեքսից պետք է հեռացնել բոլոր օտարերկրյա ալիքները. Հասարակությունը չպետք է մոլորեցվի մարգարիտասիմոնյաններով, ռոմանբաբայաններով
Հայաստան
16:58, 29 март 2024
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը։

Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: 
«Կարծում եմ, որ սա փոքր քայլ է, եթե հաշվի առնենք այն ամբողջ ապատեղեկատվությունը, ֆեյք լուրերը, թշնամանքը և վիրավորանքը, որը լցվում է հայաստանյան եթերով՝ ռուսական հեռուստաընկերությունների կողմից։ Այս առումով ես ուզում եմ հիշեցնել, որ սրան նախորդել էր «Սպուտնիկ Արմենիա»-ի վերահեռարձակումը ռադիոալիքով, և 30 օրով այդ ալիքը արգելափակվեց։ Դա առաջին ծիծեռնակն էր, սա 2-րդ քայլն է, և փաստորեն պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ միջկառավարական կոնսուլտացիաները, հանդիպումները և հայկական կողմի ներկայացրած պահանջներն ու առարկությունները շատ ժամանակավոր բնույթ են կրում, և ռուսական ալիքները շարունակում են իրենց այդ քարոզչությունը, որը մեծ հաշվով համապատասխանում է պաշտոնական Մոսկվայի քարոզչությանը։ Մենք գիտենք, որ Ռուսաստանում, համենայնդեպս այն հեռուստաալիքներից, որոնք հասնում են Հայաստան և հայաստանյան լսարանի վրա են աշխատում,  այդ հեռուստաալիքներից ոչ մեկն անկախ չէ»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Վերջինս նշեց, որ մենք կարող ենք ենթադրել կամ եզրակացնել, որ նրանք իրականացնում և տարածում են Հայաստանում և Հայաստանի մասին այն բովանդակությունը, այն կոնտենտը, որն ուզում է տարածել Կրեմլը, և եթե առաջ մեր մտահոգությունները կապված էին  այն բանի հետ, որ ապատեղեկատվություն, ֆեյքեր, վիրավորանք և զրպարտություն էին տարածում այլ երկրների վերաբերյալ, այդ թվում մեր հարևան Վրաստանի, հետո Ուկրաինայի, Մոլդովայի և այլն, հիմա հերթը հասավ Հայաստանին։
Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այսպիսի ակտիվ գործողություններ կարող էին լինել այն ժամանակ, երբ Ռուսաստանը իր քարոզչամիջոցներով կեղտ էր շպրտում նույն Վրաստանի վրա, երբ նույն ագրեսիվությամբ կեղտ էր շպրտում Ուկրաինայի վրա և այլն, որովհետև իսկապես գալու էր մի օր, երբ դա կուղղվեր Հայաստանի լսարանի վրա։ 

«Եվ ես կարծում եմ, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և իշխանության այդ քայլը հիմնավորված է, և դա որևէ աղերս չունի խոսքի ազատության սահմանափակման հետ՝ ճիշտ այնպես, ինչպես ռուսական ալիքների գործունեությունը որևէ աղերս չունի խոսքի ազատության և լրագրության հետ։ Այն, ինչ որ իրենք անում են, դասական քարոզ իրականացնելն է՝ իր բոլոր գործիքներով։ Եվ այսքանից հետո հանդուրժել նման հաղորդումներ, իհարկե, անիմաստ է։ Ուրիշ հարց է, եթե ռուսական հեռուստաընկերությունները զբաղվեին լրագրությամբ, և այդ ժամանակ որևէ սահմանափակում լիներ. դա որևէ կերպ հնարավոր չէր լինի արդարացնել։ Այս պարագայում, երբ մենք գործ ունենք ոչ թե լրագրության հետ, այլ՝ քարոզչության, ընդ որում՝ իր ամենակեղտոտ դրսևորումներով, այս սահմանափակումները տեղին են, և կարծում եմ, որ առհասարակ, գոնե ինչ-որ ժամանակով պետք է բոլոր ռուսական հեռուստաընկերությունների հասարակական-քաղաքական հաղորդումները արգելափակվեն, որովհետև Սոլովյովը միակը չէ այսպիսին, այնտեղ կա «60 минут», Ռոման Բաբայանի «Своя правда» հաղորդումը և այլն»,- ասաց Աշոտ Մելիքյանը։ 

Վերջինս նշեց, որ քաղաքական առումով՝ հանրային մուլտիպլեքսից պետք է հեռացնել բոլոր օտարերկրյա ալիքները և դրանք տեղափոխել կաբելային տիրույթ, և Հայաստանի այն քաղաքացիները, որոնք մեծ կարիք են զգում ռուսական ալիքները նայելու, թող վճարեն այդ կաբելային օպերատորներին և այնտեղ նայեն, բայց լայն հանրությունը, որն օգտվում է հանրային մուլտիպլեքսից, պետք է զերծ մնա այդպիսի ապատեղեկատվությունից, վիրավորանքներից, ատելության խոսքից, և պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի հասարակությունը չմոլորեցվի սոլովյովներով, մարգարիտասիմոնյաններով, ռոմանբաբայաններով, բաղդասարովներով, կիսելյովներով, սկաբեևաներով և այլն։

Վերջերս Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

Դիտարկմանը՝ ռուսական հեռուստաընկերություններն այս հայտարարությունից հետո ավելի ինտենսիվ կերպով սկսեցին վիրավորանքներ հնչեցնել ՀՀ-ի և նրա ղեկավարության հասցեին, և հարցին՝ արդյոք սա չի՞ վնասի այդ գործընթացին, Աշոտ Մելիքյանն ասաց, որ իհարկե այդ քարոզչությունը սաստկացավ, երբ Հայաստանն ակտիվացրեց եվրաինտեգրման քայլերը։   
Նա նշեց, որ միգուցե սպասելի էր, որ Ռուսաստանը շատ ցավոտ կարող է դա ընդունել, բայց ի վերջո, մենք ինքներս մեզ նախ պետք է հարցնենք՝ մենք ուզո՞ւմ ենք անկախ պետություն ունենալ և սուվերենություն հաստատել, եթե այո, ապա մենք շատ օբյեկտիվորեն պետք է ասենք, որ բոլոր այն նախկին խորհրդային երկրները, որոնք ձգտում են առավել անկախություն ձեռք բերել, դառնում են թիրախ, որովհետև այսօրվա Ռուսաստանը մեծ հաշվով կայսերատիրական նկրտումներ ունեցող պետություն է, անկախ նրանից՝ ինքը հրապուրիչ է, թե հրապուրիչ չէ մյուս երկրների համար, նա իր նպատակներն ունի՝ բոլոր նախկին խորհրդային երկրներին իր ազդեցության տակ պահելու, ինքնուրույն քայլեր թույլ չտալու։ 

«Եվ բնական է՝ պետք է սպասել, որ Ռուսաստանն այս ամեն ինչը ցավագին կընդունի, բայց նա կարող էր իր քարոզիչներին շատ ավելի բարեկիրթ, քաղաքակիրթ ձևով պատվիրել, որպեսզի նրանց քննադատությունը գոնե նմանվի լրագրությանը։ Այսինքն՝ դա լինի քննադատություն և ոչ թե ցեխ շպրտել, ոչ թե վիրավորել կամ ապատեղեկացնել հանրությանը, վախեցնել նրանով, որ եթե Արևմուտքը կարողանա ձեր ձեռքերով մեզ հեռացնել, ապա ձեր նոր տերը Թուրքիան է լինելու և այլն։ Այո, իրենց ամբողջ մտադրությունը Հայաստանում դժգոհություն առաջացնելն է եվրաինտեգրման գործընթացի նկատմամբ, այստեղ գոյություն ունեցող իրենց կողմից հովանավորվող 5-րդ շարասյան ակտիվացումը և մեզանում իրավիճակ խախտելու, հասարակական-քաղաքական կյանքը սրելու միտում կա։ Եվ սա առաջնային պատճառը կարող է հանդիսանալ նման քարոզչությունը սահմանափակելու, միգուցե նաև արգելափակելու համար»,-  եզրափակեց Աշոտ Մելիքյանը։

Լիլիթ Թադևոսյան