Քաղաքացիակենտրոն
լրատվություն

440 համայնքների խոշորացման հարցը կքննարկվի սեպտեմբերի 22-ի ԱԺ լիագումար նիստում

440 համայնքների խոշորացման հարցը կքննարկվի սեպտեմբերի 22-ի ԱԺ լիագումար նիստում
Հայաստան
17:03, 14 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում մեկ հարց էր․ սեպտեմբերի 22-ին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծի քննարկում անցկացնել ԱԺ լիագումար նիստերի դահլիճում։ 

«Հայաստան» խմբակցությունից Արմինե Կյուրեղյանը՝ հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանից հետաքրքրվեց, թե այս կարճ ժամանակում ինչպես են տեղեկացվելու 440 համայնքները, որոնք պետք է միավորվեն, և ինչպես են հասցնելու համայնքի ներսում ճշտելու բնակիչների վերաբերմունքը խոշորացման վերաբերյալ, և ովքեր են հրավիրվելու ԱԺ։

Հայկ Ղալումյանն էլ նշեց, որ ԱԺ-ում նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո, համայնքները 5-օրյա ժամկետ ունեն իրենց կարծիքն արտահայտելու և  լսումներին մասնակցելու վերաբերյալ․ «Մենք չենք սպասել հանձնաժողովի նիստի որոշմանը և փորձել ենք նախօրոք մարզպետարանների տարածքային վարչությունների միջոցով համայնքներն տեղյակ պահել»,-ասաց նա ու հավելեց, որ ԱԺ լիագումար նիստն ունի սահմանափակ տեղեր, ուստի 440 համայնքների ներկայացուցիչներին չեն կարող հրավիրել, բայց ելույթ ունենալ ցանկացողները կհրավիրվեն սեպտեմբերի 22-ի լսումներին, իսկ այն համայնքների ներկայացուցիչները, որոնք ունեն առարկություններ նրանք առանձին կհրավիրվեն։ 

Հայկ Ղալումյանի խոսքով՝ խոշորացման վերաբերյալ առարկություններ ունեցող համայնքները շատ չեն։ 

Հանձնաժողովը հավանություն տվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծի քննարկումը սեպտեմբերի 22-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում անցկացնելու հարցին։