Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է առաջ գնանք, իսկ դա անհնար է` առանց իրար հանդեպ հոգատարության, բարեխղճության, փոխվստահության ու նվիրումի. Անահիտ Ավանեսյան

Պետք է առաջ գնանք, իսկ դա անհնար է` առանց իրար հանդեպ հոգատարության, բարեխղճության, փոխվստահության ու նվիրումի. Անահիտ Ավանեսյան
Հայաստան
12:53, 21 сентябрь 2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. ուղերձում ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. 30 տարի առաջ հայոց մեծ երազանքը կատարվեց։

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։

Մեր անկախության պատմությունը լի է եղել մարտահրավերներով, որոնք, միևնույն ժամանակ, դաջել են բոլորիս մտքերում անկախ պետություն ունենալու հավատամքը և մեր կամքը անկախ պետականություն ունենալու աներեր է։
Անցած տարիները հեշտ չէին բոլորիս համար. պատերազմը, համավարակը դանդաղեցրին մեր նախանշած բարեփոխումների թափը՝ միառժամանակ երևան բերելով այլ առաջնահերթություններ։ Սակայն դրանք ճգնաժամներ էին, որոնք ցուցադրեցին մեր ուժեղ և խոցելի կողմերն ու բարեփոխումների նոր անհրաժեշտություն ստեղծեցին:

Այսօր ևս մեկ անգամ ամրագրում ենք՝ մեր երկրի համար հիմնաքարային են խաղաղությունն ու առողջապահությունը: Հաստատելով սա առաջիկա տարիների համար` մենք առողջապահության ոլորտի համակարգային փոփոխությունները դարձրել ենք երկրի զագացման գլխավոր առաջնահերթություններից:
Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ պարտավորեցնում են բոլոր նրանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության: Մեզ ոգևորում են այն քաջերը, ովքեր հաղթահարելով դժվարությունները` այսօր ապրում ու արարում են մեր երկրում։ Մենք պարտք ունենք նրանց առջև։
30-ամյա անկախությունը նաև սթափեցնում է մեզ. հապաղելու իրավունք չունենք. մենք պետք է առաջ գնանք, իսկ դա անհնար է` առանց իրար հանդեպ հոգատարության, բարեխղճության, փոխվստահության ու նվիրումի: Եկե՛ք փառք տանք այս հողի վրա իր ամենօրյա աշխատանքով անկախություն կերտող ամեն հային, ծառայությունն իր ուսերին տանող բժշկին, հողն ապրեցնող մշակին ու հայրենասեր ուսուցչին։ Կեցցե՛ն անկախության համար իրենց կյանքը նվիրած «սպիտակ բանակն» ու մեր մյուս հերոսները:

Կեցցե‘ն ՀՀ քաղաքացիներն ու անկախ Հայաստանը։