Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք չի անձնական ամբիցիաների պատճառով փորձել հակադրվել ընդհանուր մեխանիզմին․ Բաբկեն Թունյանը՝ համայնքների խոշորացման մասին․ Տեսանյութ

«Խնդիրը նոր չի դրվել, խնդիրը վաղուց է դրվել։ 90-ական թվականներին մենք ունեցել ենք մի համակարգ, մանր վարչատարածքային միավորներով, որովհետև ժամանակի պայմաններն ու պահանջներն այդպիսին էին, բայց շատ արագ պարզ է դարձել, որ այդ համակարգով մենք  չենք կարող ունենալ էֆֆեկտիվ կառավարում և դեռ 2011 թվականին մշակվել է համայնքների խոշորացման հայեցակարգը, որտեղ շատ մանրամասն հիմնավորվել է, թե ինչու պետք է միավորել համայնքները և դա ինչ է տալու ընդհանրապես հենց այդ նույն համայնքներին և ՀՀ-ին»,- «վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա հայեցակարգի միջից բերելով մի օրինակ, ասաց, որ  այդտեղ մի համեմատություն էր արված, որ Հայաստանի ամենամեծ համայնքի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի և ամենփոքր համայնքի՝ Սյունիքի մարզի Քաշունի համայնքի բնակչության թիվը իրարից տարբերվում է 360 անգամ, և այդ գերմեծ ու գերփոքր հաեմատության մեջ համայնքներին տրվել են նույն լիազորություններն ու օրենքով սահմանված նույն արտոնությունները։ 

«Ես սա բերել եմ մի իրավիճակի, երբ խոշոր համայնքները պատրաստ են եղել իրենց վրա ավելի մեծ լիազորություններ վերցնել, բայց իրենց չի տրվել, որովհետև փոքր համայնքները չէին կարողանալու այդ լիազորությունների տակից դուրս գալ։ Դրա համար մշակվել է ընդհանուր մեխանիզմ, որպեսզի համայնքներն իրենք կարողանան սեփական ինքնուրույնությունն ունենալ, ֆինանսական անկախություն ունենալ ու կառավարման առումով ավելի էֆֆեկտիվ գտնվել։ Ու այս առումով այդքան էլ արդար չի համայնքների խոշորացումը հակադրել տարբեր բաներին, օրինակ՝ ազգային պատկանելությանը, որովհետև այդ խոշորացումը առաջին հերթին բխելու է այդ համայնքների շահերից։ Ու պետք չի նաև որոշ դեպքերում անձնական ամբիցիաների պատճառով փորձել հակադրվել ընդհանուր մեխանիզմին, որովհետև, մարդ կա, եթե ինքը ցանկանում է լինել 50 հոգանոց համայնքի համայնքապետ, ինքը բնականաբար մի քանի հատ փաստարկ կբերի՝ ասելով, թե ինչու իր համայնքը չպետք է խոշորացման գնա։ Այստեղ մենք պետք է ընդհանուրի շահից գանք, նոր հասնենք մասնավորի շահին»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում