Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն միջավայրը, որ մենք ունենք այս հարցերը լուծելու՝ մասամբ առողջ չի․ Վիգեն Խաչատրյանը՝ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների քննարկման մասին․ Տեսանյութ

Այսօր ԱԺ-ում անցկացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հանրային լսումներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ինքը կարելի է ասել՝ երկրորդ օրվանից անցել է այս նախագծի ուսումնասիրմանը, համայնքների միությունում ժամերով քննարկումներ են ունեցել ։ 

Նրա խոսքով քովիդի և պատերազմի պատճառով անհրաժեշտ ծավալի աշխատանք չի կատարվել, բայց դա չի նշանակում, որ իրենք պիտի քաղաքական որոշում չընդունեն և ևս երկու տարի պատրաստվեն։ 

«Շատ հարմար է այս իրավիճակում ընդունել այս որոշումը և խորացնել, լրացնել բացերը, որոնք առկա են։ Այո՛, այս որոշումն ընդունելուց հետո մի երկու տարի ամեն օր աշխատելու ենք այս ուղղությամբ։ Սա անհրաժեշտ քայլ է և այսօր հնարավոր չի այս քայլը կատարյալ կատարել, ակնհայտ է, բայց դա չի նշանակում մենք պիտի կանգնենք»,-ասաց Վիգեն Խաչատրյանը՝  հիշեցնելով, որ  90, 91, 92 թվականներին համարյա նույն վիճակում են եղել։  

«Պիտի վճիռ ընդունենք ու առաջ գնանք, որովհետև այն միջավայրը, որ մենք ունենք այս հարցերը լուծելու, կներեք, մասամբ առողջ չի։ Եվ մենք չենք կարող այդ դեմագոգիայի պատճառով մեր քաղաքական վճիռներն ուշացնել։ Լուրջ քաղաքական վճիռ է կայացվում, շատ ճիշտ վճիռ է կայացվում, հանրապետության բնակչության մեծամասնությունն իրոք կողմ է, որ շրջանները վերականգնվեն, հանրապետության բնակչության մեծամասնությունը համոզված է, որ սա արդյունավետ է լինելու։ Այլ խնդիր է՝ կապահովենք այդ արդյունավետությունը, թե ոչ, սա արդեն կյանքը ցույց կտա»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում