Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«10-նյակ ընկերություններ կային, որ հենց այդ ֆորմատով են հանդես եկել»․ ԲՏԱ նախարարը՝ Աբու Դաբիի ցուցահանդեսի մասին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին հարց ուղղեց Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին առաջացած խնդիրների մասով, երբ լոգիստիկ խնդիրների պատճառով Հայաստանի տաղավարը պատշաճ ներկայացված չէր։ Անդրադառնալով թեմային՝ Արշակյանն ասաց․

«Ինչպես գիտեք Կառավարությունը տեխնոլոգիական ոլորտում եւ մնացած ոլորտներում խթանում է արտահանման հնարավորոuթյոuնները եւ նոր հնարավորություններ է ստեղծում հայկական ընկերությունների համար, եւ մենք այս ցուցահանդեսին հայկական միասնական տաղավարով ենք հանդես եկել, որի շրջանակներում 4 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերողներ են հանդես եկել։ 14 ընկերություն եւ նրանք բոլորը պատրաստված են եղել իրենց ընկերությունների մասնագիտական  եւ պրոդուկտների, ծառայությունների ներկայացմամբ»,- ասաց նա։

Արշակյանի խոսքով՝ մեծ աշխատանք է տարվել տեղում։ Ըստ նրա՝ տաղավարը գեղեցիկ տաղավար էր, ըստ տարբեր գնահատականների՝ ամենագեղեցիկներից։ 

«Էքսպոնատները լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, դրանք ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվող ընդամենը մի մասն են, որոնք տեսք են տալիս, բայց որակումներ են հնչել, որ տաղավարը դատարկ է եղել։ Ես կարծում եմ՝ այսպիսի որակումներից պետք է խուսափենք, որովհետեւ, ըստ էության, ցուցահանդեսի բովանդակային մասը ապահովվում են ընկերությունները եւ մասնագետները իրենց գիտելիքներով։ Այնտեղ տասնյակ ընկերություններ կային, որ հենց այդ ֆորմատով են հանդես եկել», - նշեց Արշակյանը։