Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքների խոշորացումից շահել են փոքր բնակավայրերը, իսկ խոշորացման դեմ ընդդիմության ՍԴ դիմումն անհիմն է․Աշոտ Գիլոյան․ Տեսանյութ

1996թ. մեկնարկած վարչատարածքային բարեփոխումների գործընթացը շարունակվում է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշում է, որ Հայաստանի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ընդունվել է 1996թ., որով սահմանվել են Հայաստանի մարզերը, համայնքները, բնակավայրերը, և հենց այդ ժամանակվանից էլ քննարկվել է համայնքների խոշորացման անհրաժեշտությունը։ 

2018թ. հեղափոխությունից հետո որոշում է կայացվել շարունակելու վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը, և համայնքներում կազմակերպվել են լսումներ։ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ համայնքների խոշորացման վերաբերյալ լսումները համայնքներում կազմակերպվել են նաև հասարակական կազմակերպությունների միջոցով։ Այս տարի սեպտեմբերի 22-ին էլ Ազգային ժողովում լսումներ անցկացվեցին՝ Հայաստանի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթի վերաբերյալ, որից հետո ընդունվեց օրենքը։  

Խորհրդարանական ընդդիմությունը թեպետ կողմ է վարչատարածքային բարեփոխումներին, սակայն դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքի հիմքում դնելով այն, որ կառավարությունը խոշորացման վերաբերյալ 441 համայնքներում կարծիք լսելու պահանջը չի ապահովել։  Մինչդեռ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ ընդդիմության պահանջն անհիմն է, քանի որ 1996թ. ընդունված և 2015թ.-ից իրականացվող ռեֆորմը բազմաթիվ լսումներ է կազմակերպել համայնքներում՝ ներկայացնելով խոշորացման գործընթացը։ Աշոտ Գիլոյանն ընդգծեց, որ միայն 200 համայնքում ինքն անձամբ է ներգրավված եղել հանրային լսումներին։

Նշենք, որ օրերս ԱԺ-ի կողմից ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխություններով ու լրացումներով Հայաստանում կլինի 78 համայնք, 71-ը՝ միավորված։ Երևանը, Գյումրին, ինչպես նաև 5 ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ չեն միավորվի։

Civic.am-ն այցելել էր Ջրվեժ խոշորացված համայնք։ Համայնքի խոշորացումը տեղի է ունեցել 2017թ.։ Համայնքի մեջ ներառված են  Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք բնակավայրերը։ Ջրվեժ խոշորացված համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը նշեց, որ 3 բնակավայրերի բնակիչների ընդհանուր թիվը 10735 է։ 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Ձորաղբյուր կամ Զովք բնակավայրերի բնակիչները որևէ տեղեկանքի համար Ջրվեժ չեն հասնում, այն ստանում են հենց իրենց բնակավայրերից, քանի որ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում համակարգերը գործում են։ 
 
Civic.am-ի հարցին՝ ո՞րն է խոշորացման առավելությունը, համայնքի ղեկավարն ընդգծեց, որ ամբողջ աշխատանքը կենտրոնացվել է. «Մեր բոլոր բնակավայրերում քաղաքաշինության ոլորտը համակարգող մասնագետներ Դուք չէիք կարող գտնել, իսկ կենտրոնացված աշխատանքների դեպքում ավելի հեշտ է պահել որակյալ մասնագետներ, որոնք հարցերին կարող են տալ գրագետ և ճիշտ պատասխաններ»: 

Ջրվեժի համայնքապետը հավելեց, որ խոշորացումից հետո համայնքներում հարկերի հավաքագրման գործընթացը կենտրոնացված է, համակարգերը ներդրված են, և քաղաքացին ինքը կարող է ծանոթանալ իր հարկերի չափին և կարիք չունի այցելելու համայնքապետարան. «Երբևիցե մեր երեք բնակավայրերը, օրինակ, 2015թ., 2016թ., 2017թ. գումարային 1 մլրդ եկամուտ չեն ունեցել, իսկ հիմա մեր բյուջեն 1 մլրդ 200 մլն դրամ է»։  

Ռոբերտ Պետրոսյանն անդրադարձավ նաև խոշորացումից հետո բնակավայրերում իրականացվող 3 խոշոր սուբվենցիոն ծրագրերին՝ նշելով, որ փոքր բնակավայրերը խոշորացումից միանշանակ շահում են, որովհետև նախկինում մեկ բնակավայրից հավաքագրված հարկերով՝ իրենց բյուջեով չէին կարող կապիտալ ծրագրեր իրականացնել. «Օրինակ՝ այս պահին Զովք համայնքում իրականացվում է մանկապարտեզի վերակառուցման աշխատանք՝ 150 մլն դրամի սահմաններում ծրագիր է իրականացվում, որից մոտ 71 մլն համայնքն է տրամադրել։ Երբևէ Զովքի 10 տարվա բյուջեն, եթե տասը տարի հարկեր հավաքեին, 70 մլն չէր կազմի։ Ջրվեժում ևս նոր մանկապարտեզ է կառուցվում 700 մլն-ի սահմաններում, որից 350 մլն-ը համայնքն է տրամադրել։ Այս պահին Ձորաղբյուրում իրականացվում է 85 մլն ջրագծերի վերակառուցման՝ կապիտալ վերանորոգման ծրագիր՝ գումարային մոտ 1 մլրդ-ի, որից 500 մլն-ը համայնքն է տրամադրել։ Իսկ բնակավայրերն առաձին լինելու դեպքում երբևիցե հնարավորություն չէին ունենա այս ծրագրերն իրականացնելու»:
   
Մենք այցելել էինք նաև խոշորացված Ակունքի համայնքապետարան, որտեղ սպասարկվող քաղաքացիներն իրենց գոհունակությունն արտահայտեցին՝ նշելով, որ խոշորացումից հետո քաղաքացիների սպասարկման գործընթացն ավելի արագ է լինում։ Ակունքի բնակիչը նշեց, որ եթե նախկինում, օրինակ՝ գույքահարկը վճարելու համար մի քանի սենյակ էր մտնում, հիմա այդ գործընթացը մեկ պատուհան սկզբունքով է իրականացվում։ 

Ակունք խոշորացված համայնքի Նոր գյուղ բնակավայրի բնակչի խոսքով էլ՝ փոքր բնակավայրերի բյուջեն հիմա կենտրոնացված է, և փոքր համայնքներում ծրագրերի իրականացման համար գումարը բավարարում է, և որպես օրինակ բերեց փողոցների ասֆալտապատումն ու 1990-ականներից չգործող մանկապարտեզի կառուցման ու շահագործման հանձնելու նախագիծը։   

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում