Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու են փակվում «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ները. «Հայաստանի Հանրապետություն»

Ինչու են փակվում «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ները. «Հայաստանի Հանրապետություն»
Հայաստան
12:32, 29 октябрь 2021
«Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Այս որոշումը կառավարությունը երեկվա նիստում կայացրեց։

Ինչո՞վ է բացատրում արդարադատության նախարարությունը «Կոշի» եւ «Հրազդանի» փակման անհրաժեշտությունը։ Ըստ պետական այս գերատեսչության՝ կառավարության 2019 թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը եւ ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձեւավորման եւ գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման եւ այդ հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսված է հետեւյալը՝ 1. Փակել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները, որի հետեւանքով Երեւանի տարածքում կկառուցվի շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ ընդգրկելով նաեւ ստացիոնար հիվանդանոց: Երեւանի կենտրոնից (մամուլի շենքի հարեւանությամբ) կհանվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն։ 2. «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք։ 3. «Հրազդան» ՔԿՀ-ն լուծարել եւ «Սեւան» ՔԿՀ-ի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» ՔԿՀ-ի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների եւ կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք։ 4. «Արմավիր» ՔԿՀ-ում ապահովել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, եւ կառուցել օդափոխության համակարգ:

Այսպես՝ «Հրազդան» ՔԿՀ-ն նախատեսված է 215 անձի պահման (80 կալանավորված անձ եւ 135 դատապարտյալ համար։ Ներկայում այնտեղ պահվում է շուրջ 157 անձ, որից 69-ը՝ կալանավորված անձինք եւ 88-ը՝ դատապարտյալներ (28 դատապարտյալներ պահվում են փակ, 57 դատապարտյալներ՝ կիսափակ ուղղիչ հիմնարկներում, իսկ 3 դատապարտյալներ՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված պայմաններում)։ Հիմնարկի համալրվածությունը կազմում է ընդհանուր լրակազմի շուրջ 73 տոկոսը: Սակայն «Հրազդանը» խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսանկյունից, որ հարեւան բնակելի շենքերից ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: Բացի այդ, շենքային սահմանափակ պայմանները թույլ չեն տալիս ունենալ վերասոցիալականացման միջոցառումների համար նախատեսված սենյակներ։ Այս մասին, ԱՆ-ի տվյալների համաձայն, բարձրաձայնում են թե՛ միջազգային կառույցները, թե՛ մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ հասարակական կազմակերպությունները: Ընդամենը 157 անձի համար նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման համար «Հրազդան» ՔԿՀ-ն ունի 120 հաստիքային միավոր: Միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան՝ 1 աշխատակցին «բաժին է ընկնում» 3-4 դատապարտյալ, մինչդեռ այս դեպքում հավասարակշռությունը որոշ չափով խախտված է, ինչը չի բխում նաեւ ՔԿՀ-ների միջեւ հաստիքների համաչափ ու օբյեկտիվ բաշխվածության տեսլականից: 

Արդարադատության նախարարությունը հավելում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ի մասով որոշման վերջնարդյունքը կհանգեցնի շուրջ 500 մլն դրամի խնայողության փուլային սկզբունքով՝ հաշվի առնելով կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության անհրաժեշտությունը: Իսկ «Կոշի» գործունեության դադարեցման հետեւանքով հնարավոր է դառնում լուծել այլ ՔԿՀ-ների կադրային խնդիրները, ինչպես նաեւ շուրջ 50 հաստիքով համալրել Պրոբացիայի ծառայության կադրային ռեսուրսը: