Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որևէ ֆորմատով դիմելու դեպքում ՌԴ-ից պետք է արձագանք լիներ. Չկա հստակ ընթակարգ' Ռուսաստանին երկկողմ պայմանագրով դիմելու համար»․ միջազգային իրավունքի մասնագետ

«Որևէ ֆորմատով դիմելու դեպքում ՌԴ-ից պետք է արձագանք լիներ. Չկա հստակ ընթակարգ' Ռուսաստանին երկկողմ պայմանագրով դիմելու համար»․ միջազգային իրավունքի մասնագետ
Հայաստան
16:53, 17 ноябрь 2021
Երեկվա հայ-ադրբեջանական զինված բախման ընթացքում հայկական կողմը՝ մասնավորապես ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դիմել են Ռուսաստանին՝ 1997 թվակյանի երկկողմ պայմանագրի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և վերականգնելու խնդրանքով։ Երեկոյան արդեն, մարտերը դադարեցվեցին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, սակայն ռուսական կողմը չմիջամտեց կոնֆլիկտին, այլ, կրկին անգամ ստանձնեց միջնորդի դեր։ Միջազգային մյուս գործընկերների արձագանքները ևս երկկողմանի էին և հստակ չէր մատնանշվում ագրեսոր կողմը։ Որպես արդարացում ռուսական կողմի կրավորական կամ հավասարահեռ պահվածքի, նշվում էր, որ Հայաստանը գրավոր կերպով չի դիմել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, հետևաբար անիմաստ է գործընկերոջ կողմից միջամտություն ակնկալել։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է տարբերակել՝  ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է գրավոր դիմել, իսկ Ռուսաստանին դիմելու համար որևէ ընթացակարգ նախատեսված չէ, այսինքն արտակարգ իրավիճակներում բանավոր դիմել հնարավոր է։ «Չկա հստակ ընթակարգ, ինչը ենթադրում է, որ որևէ ֆորմատով դիմելու դեպքում պետք է արձագանք լիներ, այլ հարց է, թե որևէ ֆորմատով մենք դիմե՞լ ենք, թե՞ ոչ», - ասաց Արա Խզմալյանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու ձևաչափին, Արա Խզմալյանը նշեց, որ այդ դեպքում, ինչպես ՀԱՊԿ-ի պարագայում, պարտադիր է գրավոր դիմումը։

Արա Խզմալյանը նշեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն իրավունք ունի կողմերի համար պարտադիր կատարման որոշում կայացնել, ընդհուպ՝ ուժի կիրառումը։ «ՄԱԿ-ը կարող է ուժ կիրառելու որոշում կայացնել և անդամ պետությունները իրականացնեն դա», - ասաց Արա Խզմալյանը։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին գրել է․ «Որքանո՞վ են էֆեկտիվ միջազգային հանրությանն ուղղված «հասցեականության» հորդորները: Մի կողմից դրանք արդար են, մյուս կողմից պետք է մի հատ խորհել, թե ինչ են մտածում այդ պահանջները կամ դիտողությունները լսող դեսպանները կամ կառույցները: Հազիվ թե նրանք մտածեն՝ « դե հալ էլի, ճիշտ է ասում Հայաստանը, մեր արածը բան չէ»:

Բադալյանը նշում է, որ, անշուշտ, ընդհանրապես լռել այդ մասին չարժե, բայց խոսել էլ թերեւս պետք է փոքր ինչ այլ ոճով եւ հորդորների փոխարեն, թե ձեր անհասցեականությամբ խրախուսում եք Բաքվին, պետք է թերևս ներկայացնել իրավիճակն ու շատ կարևոր համարել դրա հասցեական դատապարտումը՝ առանց ավելորդ հորդորների: 

«Խնդիրն այն չէ, որ մեր դիմաց նստած են համաշխարհային քաղաքականության էական խաղացողները եւ մենք իրավունք չունենք ձայն հանել կամ բան պահանջել: Խնդիրն այն է, որ մենք այդ խաղացողների հետ գործ ունենք անելու, շատ գործ, ըստ այդմ մեր խոսակցության թեման պետք է ավելի շատ լինի այդ գործը։ Այո, մեր դիրքորոշումն արդար է, բայց քաղաքականության մեջ արդարն ու էֆեկտիվը հաճախ լիովին տարբեր բաներ են: Իսկ մեզ թերևս պետք են նախ էֆեկտիվություն ապահովող միջոցներ», - գրել է քաղաքագետը։

Վովա Հակոբյան