Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզում կառուցվող ճանապարհների շինարարության ընթացքին ծանոթանալու համար Սյունիք են այցելել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և պատգամավոր Տրդատ Սարգսյանը. Լուսանկարներ

Սյունիքի մարզում կառուցվող ճանապարհների շինարարության ընթացքին ծանոթանալու համար Սյունիք են այցելել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և պատգամավոր Տրդատ Սարգսյանը. Լուսանկարներ
Հայաստան
15:05, 14 январь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ։ Նախարար Սանոսյանը, պատգամավոր Սարգսյանը  մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, փոխմարզպետ Նարեկ Բաբայանի և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ այցելել և տեղում ծանոթացել են Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի, Կապան-Ճակատեն և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման աշխատանքներին։

Խոտ-Որոտան ճանապարհի երկարությունը նախագծով մոտ 10 կմ է։ Հին ճանապարհը նորոգվում է կարգի բարձրացումով, ճանապարհի լայնացումով։ 10 կմ-անոց ճանապարհի մոտ 6 կիլոմետրը գրեթե պատրաստ է։ Այս պահին  ճանապարհը անցանելի է, մարդիկ կարող են երթևեկել։ Հողային աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկից երկու ամսում։

Բարձրավան-Քաշունի ճանապարհն էլ մոտ 8,7 կմ երկարություն ունի։ 5 կմ-ի վրա կատարվում են հողային աշխատանքներ։

Զուգահեռաբար կա նաև անցանելի ճանապարհ։ Բարձրավանի բնակչությունը այս պահին օգտվում է այդ ճանապարհից։ Այստեղ հողային աշխատանքներն ավարտելու և ասֆալտապատելու աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա աշուն։

Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհի հողային աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է, զուգահեռաբար կատարվում են նաև այլընտրանքային ճանապարհի անցանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Բնակչությունը մոտ մեկ շաբաթ է, ինչ օգտվում է հիմնական ճանապարհից։ Առաջիկա ամսվա ընթացքում կավարտվեն ճանապարհի հողային աշխատանքները, և քաղաքացիներն արդեն լիարժեք կօգտվեն հիմնական ճանապարհից։ Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն մայիսին, այն վերջնական պատրաստ կլինի աշնանը։

Վերին Խոտանակ գյուղը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ևս սկսվել են։ Երկարությունը 11 կիլոմետր է։ Հողային աշխատանքները իրականացվում են մոտ մեկ կիլոմետր հատվածի վրա։ Այս ճանապարհի կառուցման աշխատանքները նոր են սկսվել։

Վովա Հակոբյան