Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ եւ Թուրքիայի դիվանագետների միջեւ գաղտնի շփումները երբեք չեն դադարել. ցյուրիխյան արձանագրությունների ոդիսականը

ՀՀ եւ Թուրքիայի դիվանագետների միջեւ գաղտնի շփումները երբեք չեն դադարել. ցյուրիխյան արձանագրությունների ոդիսականը
Հայաստան
18:48, 18 январь 2022
Հայ-թուրքական գործընթացն իր հնարավոր ելքերով լրջագույն փորձություն է հայ հանրության համար: Այդ փորձությունից  ՀՀ ազգային-պետական շահերը առավելագույնս սպասարկելու միջոցով դուրս գալու հարցում լրջագույն դերակատարում ունեն ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունն ու համասփյուռ հայությունն ընդհանրապես: Թվում էր, թե քաղաքական այն ուժերը, որոնք անցել են մասնավորապես 2008-ից սկսած և 2018-ին դադարեցված հայ-թուրքական հաշտեցման գործընթացի միջով, ցյուրիխյան տխրահռչակ  արձանագրությունների ոդիսականը աչքի առաջ ունենալով՝ պետք  է որդեգրեին  կառուցողական կեցվածք կամ առնվազն հանդես գային «օգնել չես կարող՝ մի վնասիր»-ի դիրքերից: Մինչդեռ ականատեսն ենք հակառակ պատկերի: Այս գերզգայուն գործընթացի շուրջ ԱԺ-ում բովանդակային քննարկում ծավալելու, գործընթացից ակնկալվող  օգուտների ու հնարավոր վնասների մասին բանավեճեր կազմակերպելու փոխարեն խորհրդարանական ընդդիմությունը քննարկումը տանում է իռացիոնալ հարթություն՝ այն իջեցնելով   «թուրքական ազդեցության գործակալ»-ի  մակարդակի: 

«Պատիվ ունեմ»  դաշինքի մաս կազմող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ,  որոշելով անմասն չմնալ ԱԺ-ում տեղի ունեցող խրախճանքին, իր ֆեյսբուքյան էջում, ակնարկելով ՀՀ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին,  մասնավորապես գրել էր. «Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել բայրաքթարի տեղ, սակայն իրականում անմրցունակ կուկուռուզնիկ է»:

Եթե առաջնորդվենք Աշոտյանի էժանագին  «տրանսպորտային  տերմինաբանությամբ»  և գնահատենք հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը՝  Բայրաքթարի դերը վերապահելով Սերժ Սարգսյանին, ապա թերևս հանգենք այսպիսի եզրակացության. «Բայրաքթարը երկնեց, ջախջախված կուկուռուզնիկ  ծնեց»:  Սրանում համոզվելու համար վերհիշենք  ձախողված ֆուտբոլային դիվանագիտության էպոպեան:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 2008-ի փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Ես հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնը թուրք և հայ ժողովուրդների հարաբերությունների նորմալացման հնարավորություն կստեղծի»,- ասել էր Գյուլը Սարգսյանին ուղղված ուղերձում:  2008 թ. հունիսի 23-ին Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահի պաշտոնում հետմարտիմեկյան լարված մթնոլորտում  պատոնավարող Ս. Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահին  կհրավիրի Երևան՝ միասին դիտելու ՀՀ և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Հրավերքն ուղարկվեց հուլիսի 5-ին:  

 2008 թ. հուլիսի 18-ին Թուրքիայի ԱԳ  նախարար  Ալի Բաբաջանը հաստատեց, որ ՀՀ-ն և Թուրքիան մի շարք գաղտնի հանդիպումներ են անցկացրել Բեռնում մայիսին և հուլիսին: (ԱԳ նախարարի տեղակալ Էրթուղրուլ Ապականը և նրա տեղակալ Ունալ Չևիկոզը գլխավորել են թուրքական պատվիրակությունը, հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը): Բաբաջանը և Սարգսյանը, սակայն, մեծ կարևորություն չեն տվել այդ հանդիպումներին: Հայկական կողմը հայտարարել է. «Չկա որևէ գաղտնիք կամ զարմանալու պատճառ: ՀՀ և Թուրքիայի դիվանագետների միջև նման շփումները երբեք չեն դադարել և միշտ տեղի են ունենում»:

Ընդունելով հրավերը՝ 2008թ. սեպտեմբերի 6-ի կեսօրին  Գյուլը ժամանեց Երևան, այցը տևեց շուրջ  7 ժամ: Նկատենք, որ  Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանի ու ֆուտբոլիստների մարզաշապիկների վրայից հեռացրեց Արարատ լեռան պատկերը՝ թողնելով միայն գնդակի պատկերը:  Ընտրական հանդիպումից մեկ ամիս անց Արարատ լեռը նորից վերադարձավ ֆուտբոլի ֆեդերացիայի լոգո՝ նոր ձևավորմամբ: Ֆուտբոլային խաղն ավարտվեց Թուրքիայի հաղթանակով՝ 2-0:  

Սերժ Սարգսյանը  Գյուլի՝ Երևան այցից հետո բազմիցս հայտարարեց, որ ինքը կմեկնի Թուրքիա՝ պատասխան ֆուտբոլային հանդիպումը դիտելու, եթե թուրք-հայկական սահմանը բաց լինի, կամ դա տեղի ունենա հանդիպման նախօրեին: 2009թ. հոկտեմբերի 14-ի երեկոյան Սարգսյանը, սակայն, Բուրսա մեկնեց փակ սահմանների պայմաններում: 

2009թ. ապրիլի 6-ին Ստամբուլում միջազգային համաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճատև  զրույց ունեցավ Շվեյցարիայի, ՀՀ  և Թուրքիայի արտգործնախարարների հետ՝ քաջալերելով մոտ ապագայում կնքել ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր: 

2009թ. ապրիլի 22-23-ի գիշերը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման նախօրեին, ՀՀ-ն և Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ տարածեցին հայտարարություն աղմկահարույց «ճանապարհային քարտեզի» մասին:

2009թ. օգոստոսի 31-ի ուշ երեկոյան ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակեցին նախաստորագրված երկու արձանագրությունները՝  դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին: Արձանագրությունները նախատեսում են նաև  միջկառավարական հանձնաժողովի ստեղծում երկու երկրների միջև առկա բոլոր հարցերը քննարկելու նպատակով, ներառյալ պատմության ենթահանձնաժողովը:  Փաստաթղթերը  խիստ քննադատության են արժանանում հայկական սփյուռքի, ՀՀ  ընդդիմության, Ադրբեջանի և Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից:

2009թ. հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ-ի և Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները:

Արարողությունը մոտ երեք ժամով հետաձգվեց և քիչ էր մնում տապալվեր: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նախանշված ժամին մոտենալով Ցյուրիխի համալսարանին, տեղեկանում է, որ հայկական կողմը առարկություն ունի արձանագրություններին հաջորդող թուրքական հայտարարության բովանդակության հետ կապված և հրաժարվում է ժամանել: ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների հետ մոտ մեկ ժամ տևած հեռախոսային բանակցություններից հետո, սակայն, Քլինթոնին հաջողվում է փրկել արարողությունը: Այդ ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա գործընկերներ Բեռնար Քուշներն  և Խավիեր Սոլանան միասին դիտում էին Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը: Տեղեկանալով ստորագրման հնարավոր  տապալման մասին՝ Լավրովը Նալբանդյանին կարճ գրություն է ուղարկում. «Էդվա՛րդ, արարողությանը համաձայնիր առանց հայտարարության»: Գրությանը միանում են Սոլանան և Քուշները: Ստորագրման արարողությունը կայանում է,  Նալբանդյանի ու Դավութօղլուի թիկունքում կանգնած դիվանագետները   հրճվանքով հետևում են ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների ձեռքսեղմումին,  որից հետո Քլինթոնն ընդհուպ  քաշքշում է Նալբանդյանի թշերը՝ հավանաբար որպես գովեստի նշան՝ իրեն ամոթով չթողնելու համար:
 
Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները հայկական կողմը մի քանի ամիս անց ուղարկեց ՍԴ, որն էլ  2010 թ.-ին վճռեց՝  արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ  Սահմանադրությանը: Որոշման նախաբանում դատարանը նշել էր, որ արձանագրությունները չեն կարող մեկնաբանվել այնպիսի ձևով, որը կհակասի ՀՀ Անկախության հռչակագրի 11-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ Հայաստանը աջակցում է Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում 1915 թ. տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

 Թուրքիայի ԱԳՆ-ն  2010թ. հունվարի 18-ին ի պատասխան  հայտարարեց, որ ՀՀ ՍԴ որոշման տեքստում կան նախապայմաններ պարունակող,  ինչպես նաև արձանագրությունների  բովանդակությանը հակասող դրույթներ: ԱԳ նախարար Դավութօղլուն էլ ընդգծեց, որ Թուրքիայի պառլամենտը  կարող է երեք օրվա  ընթացքում վավերացնել արձանագրությունները, սակայն դրան խոչընդոտում է  ԼՂ հարցի  չկարգավորված լինելը: 

ՍԴ  որոշումից հետո ՀՀ  նախագահը արձանագրություններն ուղարկեց ԱԺ՝  միջազգային հանրությանը հավաստիացնելով, թե  խորհրդարանը պատրաստ է վավերացնել փաստաթղթերը՝ միաժամանակ նշելով, որ  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր հաղորդել և  ուղեցույց լինել ԼՂ  կարգավորման գործընթացում: 

 Թուրքիան, սակայն, ամեն կերպ ձախողեց արձանագրությունների վավերացման գործընթացը՝ առաջ քաշելով  իր նախապայմանները, ինչի ի պատասխան էլ  2010թ. ապրիլի 22-ին Ս. Սարգսյանը, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցրեց: 

Այսքանից հետո  ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը 2014-ի  օգոստոսի 28-ին  Անկարայում մասնակցեց Թուրքիայի նորընտիր նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որից հետո նրան փոխանցեց Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: 
Իսկ արդեն 2014թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը, դիմելով ժողովրդական բառուբանին,  «գրողի ծոցն» ուղարկեց արձանագրությունները՝ մասնավորապես ասելով. «Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Ազատ Արցախը, Լեռնային Ղարաբաղը հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:   

2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին  ԱԺ-ից, իսկ  2017թ. սեպտեմբերին նույն ՄԱԿ-ի ամբիոնից Սարգսյանը հայտարարեց. «Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: 2018թ. մարտի 1-ին՝ գործընթացի մեկնարկից մոտ 10 տարի անց,  ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվեց  հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը: Ահա այսպիսի  բայրաքթարային  մեկնարկ ու կուկուռուզնիկային վայրէջք: 

Հեղինե Մանուկյան