Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհուրդ եմ տալիս գալ Ջերմուկ, այստեղ լավ պայմաններ են, ամենուր հաճելի մարդիկ են. ռուսաստանցի հյուրերը հայրենակիցներին խորհուրդ են տալիս տեղավորվել Հայաստանի մարզերում

Դեպի Հայաստան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հոսքով պայմանավորված՝ Երևանում նկատվում է անշարժ գույքի գների աճ։ ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ արդեն դիտարկում են մարզային քաղաքներում բնակարաններ վարձակալելու և ապրելու հնարավորությունը։ Առաջնահերթությունը, սակայն, ռուսաստանցի հյուրերը տալիս են Երևանին մոտ քաղաքներին։ Թե ինչպիսի՞ն է հոսքը դեպի առողջարանային Ջերմուկ՝ փորձեցինք պարզել տեղի տուրիստական ընկերությունների և հյուրանոցային ոլորտի մասնագետներից։ 

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր Նարեկ Միրզոյանը  նշեց, որ Ջերմուկում բավականին լայն և հարմար առաջարկներ ունեն թե՛ զբոսաշրջային, թե՛ բիզնես ոլորտը ներկայացնող հյուրերի համար։ 
 
Ի տարբերություն Երևանի՝ Ջերմուկում գները ոչ միայն չեն բարձրացել, այլև նվազել են։ Ռուսաստանցիների՝ Ջերմուկ չհասնելու պատճառը, ըստ Նարեկի, հեռավորությունն է։

Ռուսաստանցիներին ներգրավելու համար կան նաև տելեգրամյան ալիքներ, որտեղ ներկայացվում են առաջարկներ, Ջերմուկի հնարավորություններն ու առավելությունները։

Բիզնեսի ներկայացուցիչները կապի մեջ են նաև մարզային և քաղաքային իշխանությունների հետ, համատեղ որոշակի ծրագրեր են իրականացնում։ 
Թե մարքեթինգային ինչ քայլեր են իրականացվում Ջերմուկը հյուրերին ներկայացնելու համար՝ Նարեկն ասաց, որ դեռ 2016 թվականին «Վիզիթ Ջերմուկ» պրոյեկտն է բացվել, որը քաղաքի զբոսաշրջային գրավչությունն ու հնարավորությունները ներկայացնող հարթակ է։
«Օլիմպիա» առողջարանի ավագ մատենավար Քրիստինե Իվանյանն ասաց, որ ռուսաստանցիների հոսքը Ջերմուկ չի հասել, ավելին՝ ունեն դեպքեր, որ հանվում են նախնական ամրագրումները։

Ամրագրումների չեղարկումը, ըստ Քրիստինե Իվանյանի, պայմանավորված է ռուբլու փոխարժեքի անկման և որոշ ավիաչվերթների կասեցման հետ։ 
Անդրադառնալով գներին՝ Քրիստինե Իվանյանն ասաց, որ տարածված միֆ կա, որ Ջերմուկում գները բարձր են, իրականում, սակայն, գները, մասնավորապես «Օլիմպիա» առողջարանում, 2013 թվականից մինչ այժմ չեն փոխվել։

Մարքեթինգային տեսանկյունից բազմաթիվ բացեր կան, և ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է ռուսաստանցիներին բերել Ջերմուկ, ասաց Քրիստինե Իվանյանը։

Մոսկվայից Ջերմուկ ժամանած Ալեքսեյը Ջերմուկի մասին իմացել է տեղի հայկական խանութից, որտեղ իրեն խորհուրդ են տվել այցելել այստեղ։ Արդեն երկրորդ անգամ է գալիս Ջերմուկ։

Ջերմուկի գներից գոհ է, Հայաստանում մնալու մասին վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Ռուբլու փոխարժեի նվազումը դեռ տանելի է Ալեքսեյի համար։ Գումար կանխիկացնել դեռ չի փորձել, բայց բանկային փոխանցումներ կարողանում է անել։

Տամարան էլ Ջերմուկ է եկել 24 օրով, ոչ առաջին անգամ։ Ռուսաստանում տիրող իրավիճակը ոչ մի կերպ չի անդրադարձել Տամարայի վրա։
Պատժամիջոցները ևս դեռ իր վրա չեն անդրադարձել: Ջերմուկում և Հայաստանում ապրելու մասին հարցին ի պատասխան՝ Տամարան ասաց, որ ծանոթներ ունի, ովքեր բնակարան են վարձում Երևանում, ինչը պայմանավորված է տնտեսական պատժամիջոցներով։ Նա խորհուրդ է տալիս Ռուսաստանից հեռանալու դեպքում ուղևորվել Հայաստան։

Պայմանները ամբողջովին բավարարում են։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան