Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փառուխում խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները մուտք են գործել նրանց պատասխանատվության գոտի. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության  հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում Ադրբեջանի ձեռնարկած գործողություններին և նկատեց, որ եթե ԼՂ-ից, ինչպես պահանջում է Ադրբեջանը, դուրս բերվի Պաշտպանության բանակը, ապա դա կնշանակի ԼՂ-ից դուրս բերել հայությանը. «Փառուխի իրադարձություններն են վկայում, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա Ցեղասպանության զոհ»: 

Խոսելով նախկինում հայկական կողմից առաջարկված լուծումների մասին, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային վիճակը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առաջարկի էությունը հետևյալն էր. արձանագրել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝  չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունը ակնհայտ է հատկապես հիմա»:

Նրա խոսքով՝  Փառուխի ճգնաժամն առաջացել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում. «Պայմանավորվածություն էր ձեռք բերվել Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի: Մենք ցավով ենք արձանագրում սա: Սակայն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»:

Մանրամասն՝ տեսանյութում: