Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւմ պատվերով է գրում Hraparak-ը․ արդյո՞ք իրենց աղբյուրները Հայաստանից են, և ինչո՞ւ է կրկնում ադրբեջանական թեզերը

Ո՞ւմ պատվերով է գրում Hraparak-ը․ արդյո՞ք իրենց աղբյուրները Հայաստանից են, և ինչո՞ւ է կրկնում ադրբեջանական թեզերը
Քաղաքականություն
20:28, 26 март 2022
Hraparak կայքը այսօր «Երկու քարի արանքում և երկու լարի վրա» վերտառությամբ հոդված է երկնել, որտեղ նշված չէ հեղինակի անունը։ 

Անանուն այս հոդվածի հեղինակը պնդում է, թե հայկական իշխանությունները վերջին օրերին հակառուսական տրամադրություններ են գեներացնում։ Խոսքը Արցախում ռուս խաղաղապահների աչքի առաջ կատարված դեպքերի մասին է, որից հետո իշխանությունները հստակ պահանջներ են ներկայացրել խաղաղապահ առաքելություն կատարող ռուսական կողմին։

«Փորձ է արվում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա՝ Արցախում Փառուխ գյուղի հանձնման, իրավիճակի սրման համար պատասխան պահանջելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից», - գրել է Hraparak-ը։

Հարց է առաջանում, ո՞վ և ի՞նչ փորձ է անում։ Հայկական իշխանություննե՞րն են փորձում իրենց պարտականությունը «ջարդել» ռուս խաղաղապահների վրա, թե՞ Hraparak-ն է փորձում, չգիտես ինչու, ռուս խաղաղապահների պարտականությունները, որը նրանք ստանձնել են նոյեմբերի 9-ից հետո, լղոզելով «ցրել» խաղաղապահների վրայից։ 

Եթե հետևեք ադրբեջանական մամուլին, բավական ընդհանրություններ կգտնեք Հրապարակի երկնած թեզերի հետ։ Վերջին օրերին ադրբեջանցիները նույնպես գրում են, թե Արցախում և Հայաստանում հակառուսական տրամադրություններ են գեներացվում, իբր հայերը դեմ են ռուս խաղաղապահների ներկայությանը Արցախում և այլն։  
 
Ի դեպ, խաղաղապահները Արցախում տեղակայվել են բացառապես մեկ առաքելությամբ՝ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու թույլ չտալ զինված բախում հայերի և ադրբեջանցիների միջև։ Մարտի 24-ից սկսած, սակայն, վտանգվել թե՛ բնակիչների անվտանգությունն ու վերջիններս ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը, թե՛ զինված բախում է եղել, որի հետևանքով հայկական կողմը ունի 3 զոհ և վիրավորներ։ 

Հիշեցնենք, որ հայ դիրքապահները թողել էին իրենց զբաղեցրած դիրքն այն բանից հետո, երբ ռուսական կողմն առաջարկել էր լարվածությունը թուլացնելու համար հայելային ետ քաշվել, ինչը արել էին մեր դիրքապահները, իսկ ադրբեջանցիները ոչ միայն ետ չէին քաշվել, այլև առաջացել և անխոչընդոտ «նստել» են մեր դիրքերում, ինչին լուռ հետևել են ռուս խաղաղապահները։

Արդ, հայկական իշխանությունը ումի՞ց պետք է բացատրություն պահանջեր, եթե ոչ՝ ռուսական կողմից։

Ապա, լրատվականը էլ ավելի առաջ գնալով, հղում է կատարել կասկածելի ծագմամբ «իր աղբյուրներին» և գրել, որ «չի բացառվում՝ ռուսների թիկունքում հայ-ադրբեջանական ստվերային պայմանավորվածություն է կայացել՝ Արեւմուտքի քավորությամբ, եւ հիմա երկու կողմից ուզում են խաղաղապահներին փուռը տալ, կասկածի տակ դնել անվտանգությունն ապահովելու նրանց առաքելությունն ու ցանկությունը»։ Փաստորեն, ըստ Հրապարակի տրամաբանության, Ռուսաստանի խաղաղապահներն ու իշխանությունը այդքանը չեն կարողացել հասկանալ և հանգիստ դիտելով՝ թույլ են տվել, որ Արցախում իրենց դեմ այդ մութ գործարքը կայանա։ 

Այս բացահայտ հակահայկական, հակապետական թեզերը դաշտ նետող և հայ զինվորների ու արցախցիների անվտանգությունն ու կյանքը ավելի ցածր դասող Hraparak-ին հարց ենք ուզում ուղղել․ Փաշինյա՞նն է մոտեցել դիրքապահներին և առաջարկել ետ քաշվել, թե՞ Արևմուտքը, կամ, գուցե, անձամբ Սորո՞սը։ Փաշինյանն ու Արևմու՞տքն են այդ պահին գտնվելիս եղել Փարուխում, թե՞ ռուս խաղաղապահները։ Փաշինյանի՞, թե՞ Արևմուտքի ներկայությամբ է տեղի ունեցել զինված բախումը։ Արևմու՞տքն է ստանձնել Արցախում խաղաղապահ առաքելություն, թե՞ Ռուսաստանը։ Արցախում խաղաղապահ առաքելության առկայության պարագայում ո՞վ է 1 գյուղի կորստի, 3 զոհի և 14 վիրավորի պատասխանատուն։  

Հարց երկու․ արդյո՞ք Hraparak-ի աղբյուրները գտնվում են Հայաստանում, թե՞ դրանք գտնվում են, օրինակ Բաքվում։ 

Եվ հարց համար երեք․ ինչու՞ է Hraparak-ը փորձում Հռոմի պապից կաթոլիկ երևալ։ Ու՞մ պատվերով է գրվել այս հոդվածը։ Տարբերակները թողնում ենք ընթերցողի ընտրությանը։ 

Վովա Հակոբյան