Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը կիրառել է «Բայրաքթարներ». ակնկալում ենք ստանալ հստակ պատասխան մեր ռուս գործընկերներից. Էդուարդ Աղաջանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Ադրբեջանը կիրառել է «Բայրաքթարներ». ակնկալում ենք ստանալ հստակ պատասխան մեր ռուս գործընկերներից. Էդուարդ Աղաջանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Հայաստան
14:57, 25 март 2022
«Տեղի ունեցողը Ադրբեջանի կողմից արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու և ԼՂ հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է, որը հետպատերազմյան ժամանակաշրջանում ձեռք է բերել առանձնահատուկ և գործնական կոնկրետ տեսք, որի մասին ՀՀ իշխանություններն ահազանգել են և տեղեկացրել միջազգային հանրությանը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի դրույթների և իր ստանձնած պարտավորությունների խախտում է:
«Խոսքը գնում է ռուս սահմանապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին, և մեր հիմնական աշխատանքն այս պարագայում մեր ռուս գործընկերների հետ է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը և հավելեց, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է. «Մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխան մեր ռուս գործընկերներից»:

Նա հույս հայտնեց, որ սեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի, և Ադրբեջանի զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր: «Ադրբեջանի կողմից գործածվել են «Բայրաքթարներ», որոնք խոցել են որոշ դիրքեր: Որպեսզի պատկերը պարզ լինի, խոսքը շատ կոնկրետ էսկալացիոն գործընթացի մասին է, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են մեր ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ գործողությունները տեղի էին ունենում, ենթադրվում էր, որ ռուս խաղաղապահների միջոցով պետք է բացառվեին»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: