Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն մարդիկ, որ պետք է բանտում լինեին, մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ իրենք բանտում չեն. Վիգեն Խաչատրյան

Խորհրդարանում ընթացող ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշեց, որ նյութերն ուսումնասիրելիս համոզվել է, որ, հավանաբար, Դատախազությունը քաղաքական պաշտպանվածության լուրջ կարիք է զգալու հետագայում, որպեսզի ավելի արդյունավետ և համարձակ աշխատի։ «Ըստ երևույթին այս քննարկումը պետք է առիթ հանդիսանա մեր կանոնակարգում փոփոխություններ կատարելու։ Ես այն կարծիքին եմ, որ հանձնաժողով-դատախազություն աշխատանքը դատախազության գործունեությունը պաշտպանելու, խրախուսելու կարիք ունի»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Արթուր Դավթյանը նշեց, որ ինքը ևս նույն արձանագրումն է անում։

Վիգեն Խաչատրյանը ելույթի իր տեքստում նշեց, որ այս քննարկումները նրա համար չեն, որ դատախազությանը գնահատականներ տան, այլ նպատակն այն է, որ վեր հանվեն հաջողությունները, մատնանշվեն թերությունները, որոնք պետք է ուղղվեն, և որոշեն խորհրդարանի անելիքները՝ հասկանալու համար, թե ինչպիսի օժանդակություն պետք է ցուցաբերի խորհրդարանը՝ ավելի արդյունավետ դարձնելու համար դատախազության գործունեությունը։ «Պահանջ կա մարդկանց իրավագիտակցության բարձրացման։ Մենք այսօր տեսնում ենք, որ մարդիկ ավելի շատ են խնդիրները փորձում լուծել արդարադատական համակարգում՝ դիմում են դատարաններ, հայցեր են ներկայացնում։ Ակնհայտ է, որ այս ոլորտում լուրջ աշխատանք է կատարվում։ 2018 թվականի հեղափոխությունից հետո սկզբունքային մի բան փոխվեց՝ իշխանության նոր մոտեցումն այն է, որ իշխանությունը փորձում է ուժեղանալ՝ մեծացնելով վստահությունը իր նկատմամբ, ոչ թե ենթարկեցնելով հասարակությանը իր կամքին։ Որովհետև մինչ հեղափոխությունը դատախազությունը օգտագործվում էր որպես մահակ՝ ենթարկեցնելու հասարակությանը։ Ես կարող եմ փաստել, որ հեղափոխությունից հետո այդ երևույթը սկզբունքորեն վերացել է, այն ազատությունները, որ պետք է ունենար դատախազությունը, ստացել է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ «հալած յուղի» պես ընթանում է։ Այդ առումով ես խորը համոզում ունեմ, որ ազատություն տալով՝ նաև պետք է մտահոգվել աջակցության հարցերը մեծացնելով, որովհետև միայն հռչակելով ազատություն և ասելով, որ դատախազությունն այլևս ազատ է և քաղաքական պատվերներ չի ստանում, դա դեռ չի նշանակում, որ դատախազությունը պետք է աջակցություն չստանա»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց, որ դատախազության աշխատանքը ավելի լավ լուսաբանելու համար, իր կարծիքով, պետք է դուրս գալ ֆորմալ դաշտից, և այսպիսի քննարկումները հանձնաժողովում ավելի պարբերական բնույթ կրեն։  

«Ես էլ եմ դեմ, որ շատ մարդիկ հայտնվեն բանտում, բայց ես դեմ եմ, որ այդ օդիոզները, որ պետք է բանտում լինեին, մեզ մեղադրում են, թե ինչո՞ւ իրենք բանտում չեն, այս ուղղությամբ մենք պետք է մտածենք»,- եզրափակեց Վիգեն Խաչատրյանը։