Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՛վ ՍԴ-ն, և՛ դատական համակարգը, ոնց որ թշնամական կազմակերպություններ լինեն․ Վլադիմիր Առաքելյան

Ե՛վ ՍԴ-ն, և՛ դատական համակարգը, ոնց որ թշնամական կազմակերպություններ լինեն․ Վլադիմիր Առաքելյան
Հայաստան
17:47, 31 март 2021
Մի քանի ամիս չարչարվում էին, որ ՍԴ անդամ նշանակեն և փաստորեն ՍԴ-ն էլ դավաճան դուրս եկավ։ 

Civic.am-ի հետ զրույցում խոսելով Սահմանադրական դատարանի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշման մասին՝ ասաց ազատամարտիկ, 2008թ․մարտի 1-ին ապօրինի կալանավորված Վլադիմիր Առաքելյանը։  

«Էդ 300․1 հոդվածն ո՞վ է  դրել ժամանակին, Ռոբերտը չէ՞։ Ինքը դրել էր, փաստորեն, ինքն էլ հանեց։ Դատական ընթացքը մի քանի պրոցեսներով գնաց, սկզբում ուժեղացավ, հետո թուլացավ, հետո ավելի թուլացավ ու կարծես ինչ-որ բանի սպասում էին և հիմա տեսանք, թե ինչին էին սպասում։ Նրանք սպասում էին, որ 300․1 հոդվածը հակասահամանադրական համարեն։

Փաստորեն, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր Մարտի 1-ի գործը բացված է, բացված չի, էդպես փակ էլ մնաց։ Էսօր շատ եմ ցավում եմ, որ և՛ ՍԴ-ն, և՛ դատական համակարգը, ոնց որ թշնամական կազմակերպություններ լինեն»,- ասաց Վլադիմիր Առաքելյանը։ 
Վլադիմիր Առաքելյանի խոսքով՝ հեղափոխությունը կիսատ-պռատ մնաց, և որպես ստեղծված իրավիճակի միակ լուծում նա տեսնում է արտահերթ ընտրությունները, որպեսզի կազմավորվի նոր իշխանություն, նոր ԱԺ։

Իդեպ, 2008թ․Մարտի 1-ին Վլադիմիր Առաքելյանը նույնպես ապօրինի կերպով կալանավորվել էր և նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (իշխանությունը յուրացնելը) և 225-րդ հոդվածով  (Զանգվածային անկարգությունները)։

«Ընթացքում 300-րդը հանեցին, մնաց 225-րդ հոդվածը։ Ես այդ ժամանակ նախնական կալանքի տակ մնացել եմ մոտ 50 օր, հետո կալանքից ազատեցին՝ ոչ բավարար ապացույցների պատճառով։ Ասեցին, որ ազատում ենք կալանքից, բայց մենք ապացույցներ կգտնենք, ու մինչև հիմա ապացուցում են։ Դե էն ժամանակ բոլորիս էլ ապօրինի ձերբակալում էին։ Եթե համր մարդուն նույն հոդվածներն էին դրել, ես չէի զարմանա, որ ինձ վրա Քենեդու սպանությունն էլ դնեին։ Հետո ես բերդից դուրս եկա և ում ցույց տվեցին այդ թուղթը, ինձ ասեցին, որ սա այն է, որ քեզ երբ ուզենան կալանավորեն»,-ասաց Վլադմիրի Առաքելյանը։ 

Նշենք նաև, որ Վլադիմիր Առաքելյանը մասնակցել է և՛ արցախյան առաջին պատերազմին, և՛ 2020 թվականի պատերազմին։ Նա «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահն է։ 
 
Լիլիթ Թադևոսյան