Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օրենքը մեկնաբանելու համար չէ, այլ կատարելու»․ ԵՊՀ ռեկտորը՝ ռեկտորների ընտրության նոր կարգի մասին

«Օրենքը մեկնաբանելու համար չէ, այլ կատարելու»․ ԵՊՀ ռեկտորը՝ ռեկտորների ընտրության նոր կարգի մասին
Հայաստան
21:41, 31 март 2021
Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Օրենքում, ի սկզբանե, կար դրույթ, ըստ որի կրթության նախարարն էր 5 տարի ժամկետով ռեկտոր ու տնօրեն նշանակելու, սակայն օրենքի նախագիծն Ազգային ժողովում որոշ փոփոխությունների  ենթարկվեց: 

Այդպիսով՝ բուհերի ռեկտորներին կընտրեն կառավարման խորհուրդները, ոչ թե ԿԳՄՍ նախարարությունը։ Օրենքով չեն ամրագրվելու նաև ռեկտորի թեկնածուների համար սահմանված պահանջները, դրանք կկարգավորեն բուհերը։
Սակայն բուհերի կառավարման խորհուրդների 9 անդամներից 5-ը շարունակելու են ներկայացնել ԿԳՄՍ նախարարությունը, 4-ը՝ բուհը։ 

Փորձեցինք ճշտել՝ ի՞նչ   վերաբերմունք ունեն բուհերը ընդունված օրենքի մասին։ ԵՊՀ-ից հրաժարվեցին մեկնաբանել նոր օրենքը։ Civic.am-ին ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ-Էմին-Տերյանը պատասխանեց, որ ԵՊՀ Ռեկտոր Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ՝ օրենքը մեկնաբանելու համար չէ, այլ կատարելու։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից մեր հարցին ի պատասխան խոսնակ Գոհար Գևորգյանը նշեց. «ՀՊՏՀ-ը ռեկտորը ռեկտորների խորհրդի նիստերի, ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովի և նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ՀՊՏՀ գիտական խորհրդի առաջարկությունները, որոնք տեղ են գտել ռեկտորների խորհրդի նիստի արձանագրության մեջ։ Իրավական հարցերին գնահատական տալ չենք կարող»:

Հայ-ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը մի շարք կետեր ներկայացրեց, որոնց արձանագրել է բուհը։ «Միշտ եղել և մնում ենք բուհում մեկ միասնական կառավարման մարմնի կողմնակիցը: Միշտ հակառակվել և հակառակվում ենք ակադեմիական և կառավարման գործառույթների տարանջատմանը՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ դրույթը չի վերաբերում ՀՌՀ-ի կառավարման մոդելին»,- նշեց նա: 

Մարգարյանի խոսքով՝ նման տարանջատումը բուհը համարում է. «a priori անվստահություն՝ ակադեմիական հանրության նկատմամբ»: Ըստ նրա՝ ընդհանրապես պետությունը պետք է շահագրգիռ լինի բուհի ռեկտորի պաշտոնում  ներգրավել միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականների. - «Մինչդեռ նախագծում իջեցվել է նշաձողը՝ տեղական կլասի և տրամաչափի գործիչների համար ճանապարհ բացելու միջոցով»:

Հայ-ռուսական համալսարանը նաև կողմ է գիտության թեկնածուի կոչման պահպանմանը։ «Հաշվի առնելով արտադրվող գիտական արդյունքի հիմնականում ցածր մակարդակը, կարելի էր թողնել այս փուլում գիտության թեկնածուի կոչումը: Գիտական աստիճանների շնորհման գործառույթը պետք է աստիճանաբար փոխանցել բուհերին: Այս գիծը պետք է ակներև լինի նախագծում», - նշեց խոսնակը:

Սյուզի Սիրականյան