Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ. Նիկոլ Փաշինյանը պետական շահերի շուրջ համախմբման կոչ արեց

ՀՀ պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ. Նիկոլ Փաշինյանը պետական շահերի շուրջ համախմբման կոչ արեց
Հայաստան
13:05, 16 сентябрь 2022
«Կա տեսակետ, և ես կարծում եմ՝ այդ տեսակետն ամենևին էլ անհիմն չէ, որ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ: Պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս բոլոր հարձակումների՝ ՀՀ-ն շարունակելու է բոլոր ուղղություններով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները: Մենք պիտի նաև շատ մեծ ուշադրություն դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխումներին, որի հետ կապված այս ընթացքում ձևավորվել է հսկայական օրակարգ, որը ըստ էության իրագործման փուլում է»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ տեղի ունեցողը ամենևին չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը. «Մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով: Մինչև այս իրավիճակը ծագելը քննարկում էինք առաջիկա տարիների  մեր առաջնահերթությունները և ընդգծել ենք 3 առաջնահերթություն. առաջինը խաղաղությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը զինված ուժերի բարեփոխումներն են: Այս երեք առաջնահերթություններն են, որ, մեր կարծիքով, պիտի ապահովեն մեր երկրի անվտանգությունը և իրական զարգացումը, որը երկարաժամկետ առումով պիտի լուծի Հայաստանի Հանրապետության հարատևության խնդիրը: Իմ կոչն է, որ մենք ապահովենք համախմբվածություն ՀՀ պետական շահերի շուրջ, և ՀՀ պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ»: