Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիական կյանքից զինվորական կյանքի վերադարձողների համար կլինեն վերապատրաստման կուրսեր, այնուհետև կանցնեն ատեստավորումը. Սուրեն Պապիկյան

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախագծի հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ուսումնական զորամասում ուսում ստացողները ատեստավորման փուլ պե՞տք է անցնեն, թե՞ իրենց ուսումնառության ընթացքում իրենք այդ փուլն արդեն անցած կհամարվեն, և եթե այդպես է՝ հավասարակշռությունը չի՞ խախտվի։ 

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ այստեղ կխախտվի հավասարության սկզբունքը, և իրենք էլ են կարծում, որ վեցամսյա ուսում ստացած ժամկետային զինծառայողն իր պատրաստվածությամբ և իր նոր գիտելիքներով ավելի հեշտությամբ կհանձնի ատեստացիան, ինչու ոչ, թող հանձնի, բայց նաև հավասարություն պետք է դնել նրա և քաղաքացիական կյանքից եկող և պայմանագրային դարձող այն քաղաքացիների միջև, ովքեր այսօր են որոշում դառնալ պայմանագրային։ 

«Մենք հավասարության սկզբունքը պահում ենք, իհարկե չեմ բացառում, որ հետագայում մեզ համար պատկերն ամբողջական կլինի, գուցե նաև որոշում ունենանք փոփոխության ենթարկելու, այս պահին մեր իրավաբանները կարծում են, որ հավասարությունը ենթադրում է, որ բոլորը պիտի հանձնեն ատեստացիոն քննություն, նաև օրենքով է դա սահմանված»,- ասաց նախարարը։ 

Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Հավասարության սկզբունքից ելնելով ուսումնական զորամասերն ավարտածները, եթե ցանկություն ունենան, քանի որ նրանք արդեն ուսումնառության մի փուլ անցնում են, մյուսները, որ այդ հնարավորությունը չունեն, կարո՞ղ է մենք ինչ-որ հնարավորություն ստեղծենք, որ կարճ, արագի մեջ ուսումնառության փուլն անցնեն, որպեսզի նրանք ոչ թե գնան ինքնաուսուցման ծրագրով, այլ  բանակի ուսումնական ծրագրերին համահունչ ինչ-որ մի փուլ անցնեն, նոր անցնեն ատեստացիան, հնարավո՞ր է դա»։

Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ ոչ միայն հնարավոր է, այլև այդպես էլ արվելու է, արդեն իսկ նախատեսված է, որ քաղաքացիական կյանքից զինվորական կյանքի վերադարձող պահեստազորում գտնվող այն քաղաքացիները, ովքեր ուզում են պայմանագրային դառնալ, նրանց համար իրենք կունենան վերապատրաստման կուրսեր, և այնուհետև ատեստացիոն քննությունը հանձնելուց հետո նրանք կսկսեն վաստակել այն գումարը, որը պիտի վաստակեն։

Մանրամասները՝ տեսանյութում