Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե չկա գաղափարական բովանդակություն՝ ընտրությունների համար, ԱԺ ամբիոնը կշարունակի լինել ավանդական ցեխշպրտոցիների հարթակ․ փորձագետ

Եթե չկա գաղափարական բովանդակություն՝ ընտրությունների համար, ԱԺ ամբիոնը կշարունակի լինել ավանդական ցեխշպրտոցիների հարթակ․ փորձագետ
Հայաստան
17:46, 13 май 2021
«Քաղաքացիական հասարակությունների և մեդիայի ներկայացուցիչները հանրության մեջ այն կարծիք ձևավորողներն են, որոնք ունեն  քաղաքականությանը և քաղաքական պրոցեսներին որակ բերելու պատասխանատվություն» - այսօր «Մասնակցային ժողովրդավարությունը  գործողության մեջ» ծրագրի շրջանակներում իրականացվող հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Ավնիկ Մելիքյանը։

Նա, անդրադառնալով սպասվող ընտրություններին, կարևորեց քաղաքական ուժերի կողմից ներկայացված գաղափարական հենքի վրա դրված նախընտրական ծրագրերի դերը, որոնք կունենան հստակ առաջարկ՝ երկրում ծառացած խնդիրները լուծելու համար։
 
«Ցավոք  շատ հաճախ, և՛ քաղաքացիական հասարակությունից, և՛ քաղաքական ուժերից շատ են ասում, թե՝ ո՞վ է հիմա ծրագիր կարդում, ո՞վ է գաղափարի հետևից գնում։ Կարծես թե, մարդկանց ծրագիր չկարդալը պատասխանատվությունից ազատելու հեշտ միջոց է, քանի որ այսպես կարելի է չունենալ գաղափարական թեզեր, ուղղություններ և գնալ ընտրությունների՝ կլասիկ ցեխշպրտոցիների, իրար սև ու սպիտակեցնելու միջոցով՝ առանց բուն թեզերի գաղափարների քննարկման»,- նշեց նա, հավելելով որ, կարծում է՝ նրանք ունեն այդ պոզիտիվ պատասխանատվությունը՝ քաղաքական ուժերից առաջարկներ պահանջելու։

Ավնիկ Մելիքյանը հարց բարձրացրեց, թե, օրինակ, ի՞նչ են առաջարկելու արդեն ընտրություններում իրենց մասնակցության մասին հայտնած ուժերը՝  ՀՀ-ի և Արցախի անվտանգության վերականգման և դրա զարգացման համար։ Ի՞նչ են առաջարկում այս ուժերը՝ ներքին քաղաքական ճգնաժամը վերացնելու և հանրային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև,  աղքատության վերացման համար, քանի որ մեր պետությունում ամեն 3-րդ մարդ գտնվում է աղքատության մեջ։ 

«Եթե ոչ գաղափարական, ապա ինչի՞ հիման վրա են լինելու այս ընտրությունները։ Ցավոք սրտի, կարծում եմ, սրանք լինելու են մարդկանց էմոցիոնալ շահագործման հիման վրա։ Այսինքն՝ էմոցիոնալ առումով գերհոգնած հանրության վախերի, հույզերի շահագործմամաբ քաղաքական ուժերը, եթե չբերեն ծրագրեր և գաղափարներ ու այդ ուղղությամբ չաշխատեն, դրանց վրա խաղալով փորձելու են ձայներ հավաքել», - նշեց նա։ 

Ըստ Ավնիկ Մելիքյանի, եթե չունենանք գաղափարական, քաղաքական բովանդակություն՝ ընտրությունների համար, կունենանք նորից մի իշխանություն, որը կարող է շատ հանգիստ ասել, որ մենք «իզմեր» չունենք․ «Կունենանք մի իշխանությունը, որը կհանգեցնի նրան, որ  մենք կունենաք անհեռանկար երկրի ղեկավարման պրոցես և, օրինակ, Ազգային ժողովի ամբիոնը կշարունակի լինել ավանդական ցեխշպրտոցիների հարթակ՝ շատ քիչ գաղափարական կոնտենտով»։