Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարինե Դիլբարյան. Արտահերթ ընտրությունների արդյունավետությունը հնարավոր կլինի ապահովել միայն նոր Ընտրական օրենսգրքի պարագայում. «Ժամանակ»

Նարինե Դիլբարյան. Արտահերթ ընտրությունների արդյունավետությունը հնարավոր կլինի ապահովել միայն նոր Ընտրական օրենսգրքի պարագայում. «Ժամանակ»
Քաղաքականություն
10:53, 17 март 2021
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունների արդյունավետությունը հնարավոր կլինի ապահովել միայն նոր Ընտրական օրենսգրքի պարագայում.
«Հին Ընտրական օրենսգիրքն արդեն ցույց է տվել իր գործունակության ողբերգական աստիճանը։ Եվ դա ոչ միայն նախկինում, երբ նախկին վարչակազմն էր ընտրություն անցկացնում, այլ նաև հենց Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Այո՛, ընտրություններն անցան ազատ և արդար, բայց աչքի ընկան ոչ մրցակցայնությամբ և մասնակցության ցածր տոկոսով։ Բացի դրանից, էլի գործեցին այն համախումբ իրողությունները, որոնք միշտ գաղափարական պայքարը ստորադասում են անձնային պայքարին»։ Դիլբարյանի դիտարկմամբ՝ Ընտրական օրենսգիրքը ընդունելու համար քաղաքական կամքի առկայության է պետք. «Պետք է ընդունել այնպիսի օրենսգիրք, որը թույլ կտա իսկապես գաղափարական պայքար տանել, ունենալ մի խորհրդարան, որտեղ մարդիկ կպայքարեն իրենց հայացքների համար, կբախվեն տարբեր քաղաքական տեսակետներ՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին կարևորագույն խնդիրների վերաբերյալ, և ի վերջո՝ կբյուրեղանա ճշմարիտը։ Մենք չպետք է ունենանք մեկ անձի իշխանություն, այն էլ՝ բացարձակ։ Իսկ մենք գիտենք, որ անձերից կախված իշխանությունը միշտ չափազանց խոցելի է, և Հայաստանի ներկա վիճակը նման Ընտրական օրենսգրքի և անձերի, փրկիչների ընտրության տխուր հետևանքն է»։ Զրուցակիցը նաև ընդգծեց, որ քաղաքական պատասխանատվության և կամքի առկայության դեպքում կարելի է նույնիսկ մինչև հունիսի 1-ը ընդունել նոր Ընտրական օրենսգիրք: «Այն համարյա պատրաստ է, նախնական տարբերակին «Ժառանգությունը» ծանոթացել է, մենք մասնակցել ենք նաև քննարկումներին, ներկայացրել նոր առաջարկներ։ Մեծ ժամանակահատվածում աշխատանք տանելու կարիք չկա, բայց պետք է քաղաքական կամք։ Ես հիշեցնեմ 2018 թվականի դեկտեմբերյան իրավիճակը, երբ Ընտրական օրենսգիրքը դարձյալ պատրաստ էր, բայց հետո չբավարարեց 2 հոգու։ Եվ այս խորհրդարանը, որն աչքի է ընկնում պատասխանատվության ցածրագույն մակարդակով, կարող է դարձյալ ինչ-որ անձնային ուղղորդումներով ստեղծել նույնանման իրավիճակ»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։