Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը նախատեսում է իգական սեռի քաղաքացիների համար ստեղծել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նպատակահարմար է գտնվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս: Հստակեցվում են նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով և ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և փորձաքննության գործընթացը: Նախատեսվում է սահմանել նրանց զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը:

Պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար կսահմանվի պատվովճար՝ 1 մլն դրամ չափով:
 
Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այս պահին քննարկում ենք մեր բանակի և  երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը: Ուզում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է: Կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր վեց ամսյա ծառայություն անցնել, որը նորմալ ծառայություն է լինելու և ոչ թե զբոսանք զորամասում: Այդ վեց ամսվա ծառայության արդյունքում կլինեն ծառայողներ, ովքեր կզորացրվեն և կվերադառնան քաղաքացիական կյանքի: Այդ մարդիկ կհամալրեն մեր երկրի զինված ուժերի պահեստազորը: Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության, նրանք էլ կհամալրեն մեր գործող բանակը և կանցնեն պայմանագրային զինծառայության: Խոսքը մարտական զինծառայության մասին է: Նաև ուզում եմ ասել, որ պետք է փոխել այն ընկալումը, թե բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են: Ո՛չ, կանայք պետք է դառնան լիարժեք զինվորական ծառայության մաս: Այսօր էլ մենք ունենք մարտական ստորաբաժանումներ, որտեղ կանայք լիարժեք զինվորական ծառայություն են իրականացնում, և մեր տրամաբանությունն այն է, որ այս հանգամանքը պետք է ուժեղացնել: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում ենթադրվում է, որ վեց ամսվա ծրագրով նրանք պիտի պատրաստվեն նաև ատեստավորման ստանդարտներին, և այդ տանդարտներն անցնելու պարագայում վճարվեն նոր չափանիշներով, որը մենք հիմա ներդնում ենք»:
 
Վարչապետի հարցին ի պատասխան, թե երբ հնարավոր կլինի այս ամենը կյանքի կոչել և արդյոք Ազգային ժողովում նախնական քննարկումներ եղել են, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ օրենքը նախ դրվել է հանրային քննարկման, ժամկետների սահմանափակում չի արվել՝ կապված հարցի նրբության ու կարևորության հետ: «Ենթադրում ենք, որ հնարավորություն կունենանք մինչև այս նստաշրջանի ավարտն ապահովել օրենքի ընդունումը, և արդեն կիրակումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ»,-ասել է Սուրեն Պապիկյանը: