Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում 2018-ից սկսած 7,6 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացրել․ այս տարի 20 ավտոբուսի գնման ծրագիր ունենք․ արևային կայանների հայտը մերժել ենք․ Սանոսյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում գյումրեցի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը անդրադարձավ Գյումրիի ճանապարհների կահավորմանը, նշելով, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի  շնորհիվ Գյումրիում և Շիրակ բնակավայրում ուսումնասիրություններ են կատարվել, որի արդյունքում մի շարք թերություններ են արձանագրվել։ ՆԳ նախարարությունը 9 առաջարկություն է արել, որն ուղարկել է Տարածքային կառավարման նախարարություն և ակնկալվում է արագ արձագանք նախարարությունից։ Պատգամավորը նշեց, որ հատվածներ կան, որտեղ պարբերաբար վթարներ են լինում հենց ճանապարհների սխալ կահավորման պատճառով։ 

Նախարարը նշեց, որ իրենք ոստիկանության հետ լավ աշխատանք են իրականացնում, որի շնորհիվ անցած տարի հանրապետության 35 հատվածներում «սև կետերի» վերացման աշխատանքներ են իրականացրել։ Դրանք այն հատվածներն են, որտեղ մեծաթիվ վթարներ են իրականացվում։ Այս տարվա համար էլ կան նախանշված բազմաթիվ տարածքներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Առուշանյանն անդրադարձավ նաև համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերին՝ նշելով, որ Գյումրիում 700-800 մլն դրամի արևային պանելների տեղադրման սուբվենցիոն հայտ է ներկայացվել, ինչը, իհարկե, լավ ծրագիր է, սակայն Գյումրին ունի այլ առաջնահերթ խնդիրներ՝ օրինակ տրանսպորտի հարցը, սպորտդպրոցների հարցերը և այլն։ Պատգամավորը հարցրեց՝ արդյո՞ք նախարարությունը գնահատում է համայնքներից եկող սուբվենցիոն ծրագրերի նպատակահարմարությունները և առաջնահերթությունները։

«Գյումրիում բավական լավ ցուցանիշներ ունենք, մոտ 7,6 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել Գյումրիում 2018-ից սկսած։ Շատ մեծ թիվ է։ Մարզեր կան, որ այդքան գումար ամբողջ մարզում չի ծախսվել։ Մենք նախորդ տարի տրանսպորտի հետ կապված ծրագիր իրականացրեցինք, որն այս տարի կարծես շարունակում ենք։ 20 ավտոբուսի ծրագիր ունենք այս տարի, որից 10-ը՝ էլեկտրական։ Արևային կայանների հայտը չենք հաստատել։ Ծրագրի արժեքը 1,7 մլրդ էր, մենք այդտեղ խնդիրներ ենք տեսել ինքնարժեքի, առաջնահերթության և այլնի հետ կապված և վերադարձրել ենք լրացուցիչ քննարկման», - պատասխանեց նախարարը։