Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փաշինյանը պայքարում էր 4 անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն ի վերջո հաղթեց»․ Սահակաշվիլին կոչ է արել Վրաստանի իշխանության դեմ պայքարել հայկական սցենարով

«Փաշինյանը պայքարում էր 4 անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն ի վերջո հաղթեց»․ Սահակաշվիլին կոչ է արել Վրաստանի իշխանության դեմ պայքարել հայկական սցենարով
Միջազգային
18:16, 01 ноябрь 2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բանտից կոչ է արել իր համախոհներին իշխանափոխության համար պայքարել հայկական սցենարով:

«Այս ընտրություններում մենք հաղթել ենք, բայց … Վրաստանի իշխանությունները խլեցին մեզնից այդ հաղթանակը: Ի՞նչ պետք է անել: Ստիպել վճարել այն գինը, որը պետք է վճարեն իշխանությունները ընտրությունների կեղծման համար: Այդպես արեցին հարևան Հայաստանում: Այնտեղ Փաշինյանը պայքարում էր չորս անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն ի վերջո հաղթեց»,- ասել է Սահակաշվիլին իր ուղերձում, որն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան: 

Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանում ընտրությունների «կեղծումից» հետո իրավիճակը պետք է զարգանա հայկական սցենարով, երբ ժողովուրդը ստիպեց գործող իշխանություններին հեռանալ և նշանակել նոր ընտրություններ:

«Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամենուր և զանգվածաբար: Իհարկե, զուգահեռաբար պետք է վիճարկենք ընտրությունների արդյունքները ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում: Այժմ մենք ունենք լիարժեք լեգիտիմություն փողոցային ցույցեր իրականացնելու և բռնությանը դիմակայելու համար»,- ասել է նա:

Սահակաշվիլին նաև կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին դուրս գալ խորհրդարանից, քանի որ այդ մարմինը «կորցրել է պետության հարթակ լինելու գործառույթը»: