Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը մտադիր է հայտարարել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին

Բայդենը մտադիր է հայտարարել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին
Միջազգային
11:05, 11 март 2022
Ի պատասխան Ուկրաինայում ՌԴ-ի սկսած ռազմական գործողությանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ մարտի 11-ին պատրաստվում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին։

Հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Սպիտակ Տանը հղումով։

«Ժամը 10։15-ին (երևանյան ժամանակով ժամը 19։15-ին) նախագահը կհայտարարի Ռուսաստանին հետագա պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործողությունների մասին», - նշվել է Բայդենի օրակարգում։

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայդենն ուրբաթ մտադիր է կոչ անել հրաժարվել ՌԴ-ի հետ նորմալ առևտրային հարաբերություններից ու բարձրացնել ռուսական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: