Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել բոլոր չկարգավորված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին․ Լին Թրեյսի

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել բոլոր չկարգավորված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին․ Լին Թրեյսի
Միջազգային
15:16, 23 март 2022
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Factor.am-ն այդ առթիվ զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հարցազրույցը երկու երկրների միջև համագործակցության շրջանակի, Հայաստանի անվտանգային խնդիրների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման, այստեղ ժողովրդավարական արժեքների զարգացման և այլ հարցերի մասին է։

–Ձե՛րդ գերազանցություն, նախորդ տարվա սեպտեմբերից տոնում ենք Հայաստան-Միացյալ Նահանգներ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ինչպե՞ս կբնորոշեք հայ-ամերիկյան հարաբերությունները, ի՞նչը պետք է հատկապես կարևորի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։

-Միացյալ Նահանգներն ու Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, սակայն մեր երկու երկրների ժողովուրդների փոխգործակցությունը շատ ավելի վաղ է սկիզբ առել։ 1991թ․ Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր՝ Հայաստանում և մեր փոխգործակցության տիրույթում շատ զարգացումներ են տեղ գտել՝ ի հեճուկս մարտահրավերների։ Միացյալ Նահանգները մեծապես արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը, որը խարսխված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, և շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական զարգացումներ նախանշել։ ԱՄՆ դեսպանությունը հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Մեր աջակցությունը բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում, այդ թվում՝ ժողովրդավարական հաստատությունների ձևավորում, կոռուպցիայի դեմ պայքար, ներառական տնտեսական զարգացման խթանում, միջազգային անվտանգության ապահովում ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում, մարդասիրական օժանդակության տրամադրում։

-Տիկի՛ն դեսպան, Հայաստանը վերջերս պատասխանել էր Ադրբեջանի խաղաղության առաջարկներին և դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ինչպե՞ս է արձագանքում Միացյալ Նահանգները Հայաստանի դիմումին։

–Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը։ Մենք Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել և ընդլայնել դիվանագիտական շփումները՝ բոլոր չկարգավորված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։

–Պատերազմից հետո լուծման անհրաժեշտություն ունի նաև հայ ռազմագերիներին Բաքվից վերադարձնելու հարցը։ Միացյալ Նահանգներն այս գործընթացում ունեցել է հաջող նախաձեռնություն. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան այցից ընդամենը երկու օր անց՝ հունիսի 12-ին, Ադրբեջանը վերադարձրեց 15 հայ ռազմագերի։ Կա՞ մտադրություն ավելի ակտիվացնելու ԱՄՆ-ի ջանքերն այս հարցում։

-Մենք շարունակում ենք հորդորել, որ անհրաժեշտ է արագ և անվտանգ կերպով ապահովել բոլոր գերեվարվածների վերադարձը։ Տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում գերեվարվածների վերադարձին և անհետ կորածների թվի (այդ թվում՝ 1990-ականներից) հստակեցմանն ուղղված ջանքերը կարևոր նշանակություն ունեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։