Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե հիմա իշխանությունը ասի՝ Թուրքիան պետք է վերացվի գետնի երեսից, դրան հաջորդելու է ոչ պակաս հայհոյանք, թե՝ վերացնող էիք՝ վերացնեիք»

«Եթե հիմա իշխանությունը ասի՝ Թուրքիան պետք է վերացվի գետնի երեսից, դրան հաջորդելու է ոչ պակաս հայհոյանք, թե՝ վերացնող էիք՝ վերացնեիք»
Միջազգային
16:13, 05 апрель 2021
Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է տարածվել՝ «թուրքն իմ թշնամին է» հեշթեգով։ Առիթը՝ Թուրքիայի հետ մոտեցումները շտկելու և հնարավորություններն օգտագործելու մասին՝ իշխանության ներկայացուցիչներից ոմանց հայտարարություններն են։ «Վերանայել» և «հնարավորություններն օգտագործել» ձևակերպումները սոցիալական ցանցերում շատ արագ ձևափոխվեցին «բարեկամություն», «եղբայրություն», «քիրվայություն», «հաշտեցում» եզրույթներով։ 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով խնդրին, նշեց` քանի որ Հայաստանում նյարդերն ու կրքերը բորբոքված են, շատ հեշտ է ընդհանրապես որևէ մեկի խոսքը մանիպուլացնել։ 

Բարսեղյանը նշեց, որ իշխանությունը բավականին անփորձ է նման շրջադարձային խոսակցություններ վարելու և այդ խոսակցությունները կառավարելու մասով։ «Եվ այս տեսակ շրջադարձները շատ ռիսկային են, որովհետև շատ քաղաքական շրջանակներ և իրենց ենթարկվող լրատվամիջոցներ անհամբեր սպասում են, որ իշխանությունը փռշտա։ Հենց իշխանությունը փռշտաց՝ կասեն․ «Այ քեզի բան, ուրեմն հաստատ կովիդ է, ուրիշ բան չի կարող լինել»։ Այս տեսակ դեպքերում, իշխանության անփորձության ահռելի ծավալը պարբերաբար «քացու տակ» է գցելու իշխանության ցանկացած հայտարարություն։ Եթե հիմա իշխանությունը ասի․ «Թուրքիան պետք է վերացվի գետնի երեսից», դրան հաջորդելու է ոչ պակաս հայհոյանք, որում ասվելու է, որ իշխանությունը արկածախնդիր է, անհեռատես, «սպանող էիք, վերացնող էիք՝ վերացնեիք արա՛»։ Այսինքն պետք է նման դեպքերում շատ զուսպ, զգույշ ու շրջահայաց լինել, որով իշխանությունը չի փայլել և չի փայլում», - ասաց Լևոն Բարսեղյանը։
Չնայած, որ իշխանության թիմում շատ են լրագրողները, այնուամենայնիվ, ըստ Բարսեղյանի, շատ լավ լրագրող լինել չի նշանակում տիրապետել քաղաքական խոսքի վարպետությանը, մանիպուլյացիաների ռիսկի հաշվարկին և այլն։ Հանրային կոմունիկացիան հատուկ գիտություն է, ինչը, ըստ Բարսեղյանի, թերագնահատվում է։ 

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանից փորձեցինք ճշտել՝  գործ չունե՞նք հերթական մեդիամանիպուլյացիայի հետ։ Նավասարդյանի  կարծիքով, այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները հստակ չեն ասում, թե ի՞նչը պետք է վերանայեն, արդեն հնարավորություն է տալիս տարբեր մանիուպլյացիաներ անելու։ «Եթե չի հստակեցվում, թե Հայաստանը ի՞նչ վերաբերմունք պետք է ունենա ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ, ապա բնականաբար, ընդդիմադիր  դաշտի լրատվամիջոցները և քաղաքագետները կփորձեն դա ներկայացնել որպես ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարում և շատ կարևոր է, որ պետական քաղաքականությունն իրականացնող մարդիկ ավելի հստակ արտահայտվեն», - ասաց Բորիս Նավասարդյանը։ 

Եթե հստակ չի ասվում, ըստ Նավասարդյանի, սա մանիպուլյացիաների համար մեծ դաշտ է ստեղծում։ «Այո՛, դա մանիպուլյացիա է, որովհետև դու էլ չգիտես առարկայի իմաստը ինչ է, բայց արդեն ինքդ քեզնով հետևություններ ես անում։ Բայց այդ մանիպուլյացիաների համար հիմքը տալիս է ասողը, այլ ոչ՝ մեկնաբանողը», - նշեց Նավասարդյանը, ապա ավելացրեց․ «Եթե առիթը տալիս են, ապա անպայման պիտի հարձակվես և բոլոր քարոզչական հնարքներն օգտագործես քո քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար՝ դա մեր ներքին քաղաքական դաշտում ձևավորված միտումների շարունակությունն է»։
 
Վովա Հակոբյան