Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի հույսը սահմանային գնդակոծություններով խուճապ ստեղծելն է, որի արդյունքում հույս ունի՝ Երևանում կհասնի իշխանափոխության. Արամ Սարգսյան

Ալիևի հույսը սահմանային գնդակոծություններով խուճապ ստեղծելն է, որի արդյունքում հույս ունի՝ Երևանում կհասնի իշխանափոխության. Արամ Սարգսյան
Միջազգային
09:37, 25 сентябрь 2022
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել՝ դիտարկելով, թե ինչ նպատակ են հետապնդում Իլհամ Ալիևի գործողությունները: Այն ներկայացնում ենք ստորև.


«Որոշեցի նորից կարճ հոդվածով հանդես գալ։ Եվ ուրեմն...

Ալիևը պարտվում է դիվանագիտական դաշտում և չի կարողանում ռազմական հաղթանակից հետո ամրագրել իր ձեռքբերումները, ու միմիայն դրանով է հնարավոր բացատրել սահմանային սադրանքները։
Իլհամ Ալիևը միջազգային հարաբերությունների մասնագետ է՝ պրոֆեսիոնալ դիվանագետ և շատ լավ հասկանում է, որ միայն ուժով ձեռք բերածը բավարար չէ արդյունք գրանցելու համար։ Ավելին՝ ՄԱԿ-ում Հայաստանի դիմումի քննարկումից և Բլինկենի կողմից խնդիրը բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու պահանջից հետո ՀՀ տարածքի դեմ ոտնձգությունը նշանակելու է ուղիղ հակադրություն ԱՄՆ-ին և քաղաքակիրթ հանրությանը։
Կգնա՞ Ադրբեջանը դրան՝ մտնելով ռուսական ագրեսիայի բովանդակության դաշտ և տեղավորվելով խորտակվող «Ռուսսկի կարաբլում», քիչ հավանական եմ համարում, բայց որ իր հույսը սահմանային գնդակոծություններով խուճապ ստեղծելն է, որի արդյունքում հույս ունի, որ Երևանում կհասնի իշխանափոխության, իսկ նոր եկած իշխանությունը իրավիճակը շտկելու և կայունություն հաստատելու համար ՌԴ-ի հետ թև թևի կստորագրի խաղաղության այն համաձայնագիրը, որով կբավարարվեն թե՛ Ադրբեջանի և թե՛ ՌԴ-ի պահանջները, չէի բացառի։
Այս ամենը մեկ անգամ արդեն տեղի է ունեցել Ղարսի, Նախիջևանի և Արցախի հանձնմամբ և Հայաստանի բոլշևիկացմամբ։ Հետևաբար մեր խնդիրն է խուսափել նման սցենարի կրկնությունից՝ ցանկացած իրավիճակում պահելով միասնականությունը, ՀՀ անկախությունը համարելով գերակա արժեք, աջակցելով ու խրախուսելով հայ զինվորին, առավել ևս, որ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, և այսօրվա իրավիճակում մենք ունենք աջակիցներ՝ ի դեմս առաջադեմ, ազդեցիկ և քաղաքակիրթ աշխարհի։
Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու, որ եղբայրս ճիշտ է ու չէր կարող սխալվել այդ խնդրում»։