Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գալու է օրը, և մենք ասենք՝ այո կամ ոչ»․ Հայաստանը դե՞մ կլինի Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ երկրների խորհրդի նիստին

«Գալու է օրը, և մենք ասենք՝ այո կամ ոչ»․  Հայաստանը դե՞մ կլինի Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ երկրների խորհրդի նիստին
Միջազգային
14:15, 16 апрель 2021
 
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ցանկություն է հայտնել մասնակցելու ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։ 

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի մասնակցության հարցը ԵԱՏՄ 5 երկրների միջև կորոշվի կոնսենսուսով, եթե որևէ երկիր առարկի՝ ապա Ադրբեջանի պատվիրակությունը չի կարող մասնակցություն ունենալ․ «5 երկրներ ցանկացած որոշում կայացնում են կոնսենսուսով, այդ թվում, եթե դիտորդ էլ է գալիս մասնակցելու՝ ապա միայն կոնսենսուսով»։ 

Արդյո՞ք Հայաստանը կառարկի Ադրբեջանի պատվիրակության մասնակությունը Կազանում՝ հաշվի առնելով, որ Բաքուն համառորեն հրաժարվում է հայ ռազմագերիներին վերադարձնել։ Այս հարցի առնչությամբ այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայումս Հայաստանը չունի կոնկրետ դիրքորոշում․ «Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի մասնակցությունը նիստին, այն բովանդակային գործընթաց չի ենթադրում, ուղղակի գալու է օրը, և մենք ասենք՝ այո կամ ոչ»,- ասաց նա ու հավելեց, որ եթե լրագրողները այս հնարավորությունը դիտարկում են ևս մեկ առիթ գերիների հարցը բարձրաձայնելու համար, ապա այդ առիթը կօգտագործվի։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը կարճ ժամանակ առաջ խոսել էր Ադրբեջանում պահվող 188 հայ գերիների մասին։ Այսինքն ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել էր, որ մեծ թվով գերիներ են պահվում Ադրբեջանում։

Բացի ՄԻԵԴ գնացող գանգատներից, քաղաքական գործընթացներում ի՞նչ քայլեր են իրականացվում հայ գերիներին հայրենադարձնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո ըստ Ադրբեջանի՝ հայկական կողմը հրաժարվել էր տրամադրել Ադրբեջանի տիրապետության տակ անցած Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների քարտեզները։ Այս հարցի առնչությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակ էր գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և խոսել էր միակողմանի մարդասիրությունից՝ նշելով թե քարտեզները չունենալու հետևանքով իրենք զոհեր են ունենում, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։ Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի քայլերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգծել էր, որ Ադրբեջանը առաջ է քաշում ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ, քանզի այդ հարցի բարձրացումը զուտ հրապարակային բնույթ է կրում․ «Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը  խափանելու նպատակով»,- ասված էր հաղորդագրության մեջ։ Աննա Նաղդալայնն իր հայտարարությամբ նաև հիշեցրել էր, որ ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ 
 
Նարա Մարտիրոսյան