Քաղաքացիակենտրոն
լրատվություն

No Russian, we support Ukraine. աննախադեպ հակառուսական տրամադրություններ, բազմաթիվ ռուսներ ու տարագիր ռուս լրագրողներ՝ Թբիլիսիում

No Russian, we support Ukraine. աննախադեպ հակառուսական տրամադրություններ, բազմաթիվ ռուսներ ու տարագիր ռուս լրագրողներ՝ Թբիլիսիում
Միջազգային
14:46, 25 октябрь 2022
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում այս օրերին ավելի շատ ուկրաինական դրոշների կհանդիպեք, քան միգուցե վրացական։ Ուկրաինական դրոշները կախված են տարբեր շենքերի պատերից, բնակիչների պատշգամբներից, վրացական ԶԼՄ-ների խմբագրություններում և որպես կրծքանշան՝ վրացի լրագրողների կրծքին։ Այսպիսով վրացիներն իրենց աջակցությունն են հայտնում «Վրաստանի թշնամու» դեմ պատերազմող Ուկրաինային։ Այս օրերին անգամ եթե Թբիլիսիի դեղատնից դեղորայք գնեք, կտրոնի վրա անգլերենով գրված կլինի. «Մենք աջակցում ենք Ուկրաինային, Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»։ Խոսքը ինքնահռչակ հանրապետություններ Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին է, որոնք անջատվել են Վրաստանից 90-ական թվականներին։ 

Թբիլիսիի կենտրոնի գրեթե յուրաքանչյուր շենքի պատին կտեսնեք անգլերենով հայհոյանքներ՝ ուղղված Պուտինին և Ռուսաստանին։ Նմանատիպ գրառումներ կտեսնեք նաև վրացական ԶԼՄ-ների խմբագրություններում։  

Վրաստանում ավելի անցանկալի է դարձել ռուսերենը։ Բացառվում է որևէ սրճարանում կամ ռեստորանում ռուսական երգ լսելը, ինչպես, օրինակ,  Հայաստանում է։ Ռուսերենով ձեր հարցումը կստանա ոչ դրական տոնով արձագանք. երիտասարդ սերունդը անգլերեն ձեզ կպատասխանի, որ իրենք ռուսերեն չեն խոսում։ Ավելի տարեցները, այնուամենայնիվ, ռուսերենով կարձագանքեն ձեզ։  

Վրաստանի «Լրագրողների ռեսուրս կենտրոն»-ի ներկայացուցիչների խոսքերով՝ հակառուսական տրամադրություններն այս օրերին աննախադեպ են։ «Անգամ մեր՝ 2008 թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ նման հակառուսականություն չի եղել Վրաստանում»,- օրերս Հայաստանի «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի կազմակերպած մեդիա տուրի մասնակից լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին Վրաստանի «Լրագրողների ռեսուրս կենտրոն»-ի ներկայացուցիչները։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ Վրաստանի կառավարությունն այսօր ավելի լոյալ է Կրեմլի հանդեպ և որոշակի պրոռուսական ուղղվածություն ունի։ 

Միևնույն ժամանակ, Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թվով Ռուսաստանն առաջին տեղում է: Թբիլիսիի փողոցներում կհանդիպեք բազմաթիվ ռուսների, որոնք թեև մի փոքր զգուշավոր են, բայց իրենց բավական լավ են զգում և վայելում են Արևելքն ու Արևմուտքն իրար միախառնած քաղաքը։ Ճիշտ է՝ Թբիլիսիի  սրճարաններում ու փողոցներում արաբներն ավելի շատ կթվան։     

Մեզ հետ զրուցած վրացիները համոզված էին, որ պատերազմից ու մոբիլիզացիայից Վրաստան փախած ռուսների հոսքը պատճառ է դարձել տարբեր թանկացումների՝ բնակարանները, վարձով տները, ամեն ինչ թանկացել է ռուսական ներհոսքից հետո։ Որոշ տվյալներով՝ պատերազմի հետևանքով տեղափոխված ռուսներն արդեն մոտ 4 հազար անշարժ գույք են ձեռք բերել Վրաստանում։ 

Վրաստանի կառավարության տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Վրաստան է տեղափոխվել ավելի քան 42 հազար ռուսաստանցի: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Վրաստան ավելի քան 780 հազար ուղևորություն է կատարվել, ինչը 5,5 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը՝ ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության։ 
 
Ռուսաստանից հեռանալու որոշում կայացրի, երբ sms ստացա՝ «մենք գիտենք՝ որ դպրոցում են սովորում քո երեխաները» բովանդակությամբ

Վրաստանն այսօր յուրօրինակ հավաքատեղի է տարագիր ռուսական  ԶԼՄ-ների ու լրագրողների համար, որոնց մի մասի դեմ ՌԴ-ում քրեական գործեր են հարուցվել։ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում լրագրողական շրջայցի շրջանակներում հայ լրագրողները հանդիպեցին  Ռուսաստանից հեռացած շուրջ 2 տասնյակ լրագրողների հետ։

 Պատերազմի մեկնարկից հետո Եկատերինբուրգից Թբիլիսի տեղափոխված պոդքասթեր Օլյա Միկիտասը լրագրող երիտասարդ մայր է, որը մենակ է մեծացնում 2 մանկահասակ աղջիկներին։ Օլյան 5 պոդքասթի հեղինակ է, սեփական ստուդիա ունի, որ իր հետ տեղափոխել է Թբիլիսի։   

Վերջինս պատմեց, որ ՌԴ-ում իրեն «նկատել են» նախ՝ Ալեքսեյ Նավալնուն աջակցող հանրահավաքներին մասնակցելիս, ապա նաև՝ Ուկրաինայի  պատերազմի դեմ հավաքներին մասնակցելու ժամանակ։ «Երկրից հեռանալու որոշում կայացրի, երբ sms ստացա՝ «մենք գիտենք՝ որ դպրոցում են սովորում քո երեխաները» բովանդակությամբ։ Եթե երեխաներ չունենայի, էլի չէի հեռանա»,- պատմեց Օլյան՝ շարունակելով. «Մայրս 8 ամիս ինձ հետ չի շփվում, ինձ հայրենիքի դավաճան է համարում։ Շփվում եմ միայն հորս հետ։ Ինչո՞ւ Թբիլիսի. այստեղ ինձ դուր է գալիս»։  

Ռուսական ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ներ խմբագրություններով տեղափոխվել են երկրից, այժմ տարբեր երկրներից հեռավար են աշխատում։ Նրանց բոլորին այս կամ այն կերպ հետապնդում   են Ռուսաստանում՝ պատերազմի դեմ գրելու կամ ընդդիմությանը աջակցելու համար։ Պատմեցին, որ Վրաստանը հավանում են, իրենց լավ են զգում, թեև որպես ռուս հանդիպել են  անբարյացակամ վերաբերմունքի որոշ դեպքերի, սակայն հազվադեպ։  
 
Մարինե Խառատյան

Թբիլիսի