Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, ով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է ցեղասպանություն». սենատոր Մենենդեսը՝ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի մասին

«Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, ով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է ցեղասպանություն». սենատոր Մենենդեսը՝ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի մասին
Միջազգային
17:09, 01 декабрь 2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվինի թեկնածության հաստատման լսումները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Իմ թեկնածության հաստատման պարագայում, խոստանում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը, տնտեսությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու համար, նշել է ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանում դեսպանի պաշտոնին առաջադրված Քրստինա Քվիենը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին, ուր քննարկվում էին մի շարք դեսպանների ու պաշտոնյաների թեկնածությւոնները»: Իր խոսքում Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քվիենը ներկայացրեց նշանակման դեպքում իր առաջնահերթությունները, որոնք ներառում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի աջակցությունը, ազատ գործարար միջավայրի և քաղաքացիական հասարակության զարգացումը, խոսքի ազատության պաշտպանությունը, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարն ու դատաիրավական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացումը:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի և Հարավային Կովկասի՝ ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի համար»,- շեշտել է նա։

Ծնունդով Կալիֆոռնիայից Քվիենը նշում է՝ պարտավորվում եմ անել հնարավորինը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և Հայաստանի խաղաղ ապագան աջակցելու ուղղությամբ: Այս հարցում նա կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական քննարկումները:

«Ես մեծացել եմ Կալիֆոռնիայի Ֆրեզնոյում, ուր գտնվում է Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Իմ ուսուցիչներն ու հայկական ծագում ունեցող ընկերները պատմում էին օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության մասին, որը ստիպեց նրանց ընտանիքներին նոր հայրենիք փնտրել Ամերիկայում»,- նշել է Քվիենը։

Լսումները նախագահող սենատոր Ռոբերտ Մենենդեսն այս առիթով արձագանքեց.

«Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, ով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն. անվանում է «ցեղասպանություն»,- ասել է նա:

Սենատոր Մենենդեսը իր խոսքում նշում է՝ սա Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Մենք ականատես եղանք Ադրբեջանի հարձակումներին, ինչպես նաև տեսանյութերին, ուր պատկերված են ռազմական հանցագործություններ, ինչպես նաև երկարատև մարդասիրական ճգնաժամին, որն առաջացել է պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում, ասում է սենատորը:

«Մենք պետք է իմանանք, թե արդյոք ադրբեջանական կողմը իրականացրել է նման սպանություններ, որպեսզի կարողանանք որոշել, թե արդյոք պետք է չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, թե ոչ: Ես ցանկանում եմ, որ այնտեղ նշանակվող դեսպանն ակտիվորեն օգնի մեզ որոշելու՝ արդյոք այս մահապատիժները, սպանությունները, այլ գործողությունները ճիշտ են, թե ոչ, կամ մի գուցե մասամբ են ճիշտ, և դրա մասին տեղեկացնի պետքարտուղարությանը և հանձնաժողովին, որպեսզի մենք՝ քաղաքականություն մշակողներս, որոշում կայացնենք: Կարող եմ, արդյո՞ք, այս հարցում ապավինել Ձեր վրա»,- հարց ուղղեց սենատոր Մենենդեսը:

«Այո, սենատոր կարող եք: Ասեմ ավելին՝ ինձ համար շատ կարևոր է նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը, և ես աշխատանք կտանեմ՝ վստահ լինելու համար, որ առկա է պատասխանատվություն»,- պատասխանել է Քվիենը: