Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն ուսումնասիրում է ԱՊՀ երկրների կողմից ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հնարավոր դեպքերը

ԵՄ-ն ուսումնասիրում է ԱՊՀ երկրների կողմից ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հնարավոր դեպքերը
Միջազգային
16:22, 23 февраль 2023
Եվրամիությունն ուսումնասիրում է ԱՊՀ երկրների կողմից Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հնարավոր դեպքերը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ պատժամիջոցային քաղաքականության հարցերով դեսպան Դեյվիդ Օ'Սալիվանը։

«Մենք նկատում ենք ԵՄ-ից Ռուսաստան առևտրային հոսքերի կտրուկ կրճատում և առևտրի անսովոր աճ երրորդ երկրների հետ, հատկապես նրանց, որոնք անմիջաբար մոտ են Ռուսաստանին»,- ասել է նա: «Նրանց մոտ հանկարծ առաջանում են շատ նոր կարիքներ, և ապրանքները մնո՞ւմ են այնտեղ, թե՞ նրանց մի մասը այս կամ այն ձևով թափանցում են Ռուսաստան»: 

Օ'Սալիվանը չի նշել կոնկրետ երկրների անունները՝ ասելով, որ պահպանում է «անմեղության կանխավարկածը» առևտրի հոսքերի փոփոխության ուսումնասիրության հարցում:

Նա հավելել է, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը կայանալիք հանդիպմանը կկիսվեն պատժամիջոցների հնարավոր շրջանցման իրենց տվյալներով և դրանց հետևելու վերահսկողության խստացման  միջոցներով։