Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն «կորցրեց» Ռուսաստանին, և այժմ Մոսկվան այդ միությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական. Լավրով

ԵՄ-ն «կորցրեց» Ռուսաստանին, և այժմ Մոսկվան այդ միությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական. Լավրով
Միջազգային
10:30, 04 апрель 2023
Եվրամիությունն իր մեղքով «կորցրեց» Ռուսաստանին, այժմ Մոսկվան նրան դիտարկում է որպես ոչ բարեկամական միություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը aif.ru-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում։

«Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանին: Բայց ինքն է դրանում մեղավոր։ Չէ՞ որ հենց ԵՄ անդամ երկրներն ու միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում, որ Ռուսաստանին անհրաժեշտ է հասցնել, ինչպես իրենք են արտահայտվում, ռազմավարական պարտության։ Կիևի հանցավոր ռեժիմին ապահովում են զենք-զինամթերքով,  Ուկրաինա են ուղարկում հրահանգիչների և վարձկանների։ Այս պատճառներով մենք ԵՄ-ին դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միություն»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Նա ընդգծել է, որ ռուսական կողմն այս իրավիճակից անհրաժեշտ եզրակացություններ է արել։ Նրա խոսքով՝ ի պատասխան թշնամական քայլերի՝ Մոսկվան կգործի «անհրաժեշտության դեպքում կոշտ՝ առաջնորդվելով Ռուսաստանի ազգային շահերով և դիվանագիտական պրակտիկայում ընդհանուր ընդունելի  փոխադարձության սկզբունքով»։
 
Լավրովը հստակեցրել է, որ Ռուսաստանը Եվրամիության հետ հետագա երկխոսության վերաբերյալ որոշումներ կկայացնի շահերի հիման վրա, որոնք  արձանագրված են երկրի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում։ «Եթե եվրոպացիները ինչ-որ պահի հրաժարվեն իրենց հակառուսական ուղենիշից և կատարեն ընտրություն հօգուտ Ռուսաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության, մենք կդիտարկենք նրանց առաջարկները և որոշումները կկայացնենք՝ ելնելով մեր ազգային շահերից, ինչպես դրանք հաստատվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում», - ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ 

Նա հավելել է, որ իր արտասահմանյան ուղևորությունների աշխարհագրությունը փոխվել է, և այժմ այն արտացոլում է «ռուսական առաջնահերթությունները միջազգային ասպարեզում», որոնք ամրագրված են արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում։