Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքից հետո Ուկրաինան փոխել է ռազմական ծրագրերի մի մասը

Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքից հետո Ուկրաինան փոխել է ռազմական ծրագրերի մի մասը
Միջազգային
11:01, 10 апрель 2023
Կիևը փոխել է որոշ ռազմական ծրագրեր՝ ամերիկյան գաղտնի ռազմական փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի պատճառով, CNN-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մերձ աղբյուրը։

Ենթադրյալ արտահոսքին նվիրված պարբերականի հոդվածում մանրամասներ չեն հաղորդվում, թե որոնք են այդ ծրագրերը և ինչ փոփոխություններ են մտցվել դրանցում:

CNN-ն ընդհանուր առմամբ ուսումնասիրել է 53 փաստաթուղթ, որոնք, ինչպես ենթադրվում է, պատրաստվել են փետրվարի կեսերից մինչև մարտի սկիզբը ընկած ժամանակահատվածում։ Դրանցից մեկը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը լրտեսում է Զելենսկուն։ Ուկրաինայի նախագահին մերձ աղբյուրի խոսքով՝ դա զարմանալի չէ, սակայն ուկրաինացի պաշտոնյաները հիասթափված են ենթադրյալ արտահոսքից։

Այսպես. ամերիկյան հաշվետվություններից մեկում, որը կազմվել է ռադիոտեխնիկական հետախուզության արդյունքների հիման վրա, ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին «առաջարկել է հարվածներ հասցնել Ռուսաստանի Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին» անօդաչուների օգնությամբ, քանի որ Ուկրաինան չունի այդքան հեռահար զենք։

Այս տեղեկությունը, CNN-ի կարծիքով, կարող է բացատրել ԱՄՆ-ի հրապարակային հայտարարությունները առ այն, որ չեն ցանկանում Ուկրաինային մեծ հեռահարությամբ հրթիռային համալիրներ փոխանցել՝ մտավախություն ունենալով, որ Կիևը դրանք կօգտագործի Ռուսաստանի Դաշնության տարածքի ուղղությամբ հարվածների համար։

Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շարունակում են ստուգել «արտահոսած» փաստաթղթերի արժանահավատությունը։ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը նշել է, որ ջանքեր են գործադրվել նաև գնահատելու այդ փաստաթղթերի ազդեցությունը Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ազգային անվտանգության վրա։

ԱՄՆ պաշտոնյաների շրջանում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ քննիչները դիտարկում են ենթադրյալ արտահոսքի չորս հիմնական վարկած՝ աշխատակիցների դժգոհությունից մինչև կանխամտածված սաբոտաժ՝ ԱՄՆ ազգային անվտանգությունը խաթարելու նպատակով: