Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ագրեսիան կարելի է կանգնեցնել, եթե Հայաստանը տարածաշրջանից դուրս գա ու ավելի մեծ կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ սկսի աշխատել. քաղաքագետ

Ադրբեջանի ագրեսիան կարելի է կանգնեցնել, եթե  Հայաստանը տարածաշրջանից դուրս գա ու ավելի մեծ կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ սկսի աշխատել. քաղաքագետ
Հարցազրույց
19:55, 18 август 2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ խստորեն դատապարտեց ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունները՝ ընդգծելով, որ դրանք ակնհայտորեն նպատակ ունեն վտանգելու դեէսկալացիայի  ուղղությամբ  գործադրվող ջանքերը և խաթարելու  տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը:

«Դրանք նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև վիժեցնելու տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը և բոլոր հաղորդակցության միջոցների  բացումը։ 

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և
Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը», - ասվում է երեկ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները զուգորդվում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային  ամբողջականության և Արցախի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների հետ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԳՆ հայտարարությունն ադեկվատ է իրավիճակին, բայց բավարար չէ։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է նաև դիվանագիտական բարձր մակարդակի աշխատանք տարբեր երկրներում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր բաներ է ասում։ Միանշանակ ասել, թե Ադրբեջանի ցանկությունը, նպատակները  որոնք են, հնարավոր չէ։ Ադրբեջանը շատ բան է ուզում, շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, և իմ մոտ կարծիք է ձևավորվում, որ իրենք ուզում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծում, այլև չեմ բացառում, որ ուզում են ավելի մեծ խնդիր լուծել՝ մասնավորապես օտարել մեզանից Զանգեզուրը և երկարաժամկետ հեռանկարում էլ կազմալուծել մեր պետականությունը։ Հիմա Ալիևը, այո, չի ցանկանում տարածաշրջանային ապաշրջափակում, քանի որ եթե ապաշրջափակում լինի, ապա Հայաստանն էլ ինչ-որ բան կստանա։ Ալիևը կոնկրետ ուզում է  Զանգեզուրի միջանցք։ Հետևաբար մեր ԱԳՆ-ի հայտարարությունը տեղին է, ադեկվատ է, բայց այդ բոլոր քայլերին պետք է հետևի լուրջ աշխատանք տարբեր երկրներում։ Տեքստին պետք է հաջորդեն գործողություններ։ Մեր դեսպանները, դիվանագետները պետք է աշխատեն և այդ երկրներում տեղ հասցնեն այս  մեսիջները։ Միայն ԱԳՆ-ի այդ հայտարարությունը քիչ է»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով՝ քանի որ Ալիևը շատ ակտիվ է աշխատում, շատ երկրներում ապակողմնորոշված են, չգիտեն ճշմարտությունը, չեն հասկանում, թե ով է ուզում կամ չի ուզում, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ 

Բացի դրանից, Գրիգորյանի խոսքով, պետք է շատ արագ ավարտել ԱԳՆ-ի ձևավորումը, նախարար, փոխնախարարներ նշանակել, որ ինստիտուտը սկսի աշխատել ու իրականացնել արտաքին քաղաքականության իր ֆունկցիան։

Բացի դիվանագիտական աշխատանքից, քաղաքագետի խոսքով, արագ պետք է ոտքի հանել բանակը, վերազինել այն, բայց մեկ է՝ ամենագլխավոր անելիքը մնում է դիվանագիտական ու քաղաքական աշխատանք տանելը և արտաքին քաղաքականության ոլորտում անցումը բազմավեկտոր քաղաքականությանը՝ որքան հնարավոր է շուտ. «Տնտեսական, քաղաքական հարցերով պետք է հնարավորինս շատ ակտիվ աշխատենք ԵՄ-ի հետ, ԵՄ-ի տված գումարներով բոլոր ծրագրերը պետք է արագ կյանքի կոչենք, աշխատատեղեր բացվեն, տնտեսությունը ակտիվանա։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ պետք է լուրջ համագործակցություն սկսվի նաև անվտանգային հարցերով։ Աշխատանք պետք է տարվի Հնդկաստանի հետ։ Այսինքն՝ անելիքներ կան, ու Ադրբեջանի ագրեսիան կարելի է կանգնեցնել, եթե  Հայաստանը տարածաշրջանից դուրս գա ու ավելի մեծ կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ սկսի աշխատել։ Եթե մենք մնանք այս տարածաշրջանում, լուրջ ու բացասական արդյունքներ կլինեն։ Այլընտրանքներ են պետք մեզ։ Այդ դեպքում Ռուսաստանն էլ կսկսի մեր նկատմամբ ավելի ուշադիր լինել, կհասկանա իր սխալները։ Հակասությունները պետք է օգտագործել»,-եզրափակեց Գրիգորյանը։ 

Արփի Հարությունյան