Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չունի ոչ ռիսկային ելք. ընտրությունը Հայաստանի գոյության և չգոյության միջև է. Մեհրաբյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ մտնելու մասին

Հայաստանը չունի ոչ ռիսկային ելք. ընտրությունը Հայաստանի գոյության և չգոյության միջև է. Մեհրաբյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ մտնելու մասին
Հարցազրույց
20:00, 12 март 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ ասաց, որ կազմակերպությունը պետք է ցույց տա, թե որն է ՀՀ ինքնիշխան տարածքը։ «Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին, ու այդ պատասխանը կհամընկնի մեր պատկերացումներին՝ կնշանակի, որ ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև հարցերը լուծված են՝ սրանից բխող հետևանքներով, եթե ոչ՝ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից»։

Արդյոք վարչապետի այս հայտարարությունը նշանակո՞ւմ էր, որ Հայաստանի հաջորդ քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դե յուրե դուրս գալը։ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սպասելու իմաստ չկա։ 

- ՀԱԿՊ-ը չի պատասխանել և չի էլ պատասխանելու այդ հարցին, նրանք շատ երկար ժամանակ են ունեցել դրան պատասխանելու համար, ու մի քիչ ինձ դժվար է պատկերացնել, թե մենք ինչին ենք սպասում։ Եթե այսքանից հետո պատասխան չկա, ապա չի էլ լինելու։ Սպասելու իմաստ և ժամանակ չկա։ Կարծում եմ՝ այդ ամենը պետք է արագացնել։ Այդ իմաստով ես բավարարված չեմ վարչապետի պատասխանից։

- Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի կողմից այդ պատասխանը այսքան ժամանակ չի տրվել, կարո՞ղ ենք ասել, որ վարչապետի հայտարարությունը վերջնագիր էր՝ ուղղված ՀԱՊԿ-ին։

- Փաշինյանը փորձում է գնդակը նետել ՀԱՊԿ-ի դաշտ, որ նրանք վերջնական որոշում ընդունեն՝ ճանաչո՞ւմ են ՀՀ 1991 թվականի սահմանները, թե՞ ոչ։ Այդ հարցը պետք է դնել։

- Արդյոք այդ հարցի պատասխանը տրվա՞ծ չէ՝ հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը։

- Փաստորեն 2021 և 2022 թվականների դեպքերը ցույց տվեցին, որ դրանից դա ուղիղ չի բխում։ Այսինքն՝ նրանք կարող են Հայաստանը ճանաչել ընդհանուր առմամբ, բայց այդ ճանաչումը չտարածել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա։ Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ սահմանների վրա, նրանք ոչ միայն համարժեք չարձագանքեցին, այլև իրենց արձագանքով ջուր լցրեցին Հայաստանի վրա հարձակում գործած կողմի ջրաղացին։ 

- Փաշինյանն անդրադարձավ նաև «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հեռացնելուն, ասաց, որ օգոստոսի 1-ից նրանք այլևս չեն հսկի ՀՀ սահմանները, Պեսկովն էլ նշել է, որ նամակ են ստացել հայկական կողմից։ Օրեր առաջ էլ այդ հարցին անդրադառնալով՝ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին նշել էր, որ Փաշինյանը այդ քայլով գնում է Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի և ներկա նախագահ Զելենսկու ճանապարհով։ «Նա գնում է տրորված ճանապարհով, որն իր համար որոշել են անգլո-սաքսոնները, որոնք որոշել են Հայաստանը դարձնել հերթական հակառուսական ճակատը»,- ասել է Վոդոլացկին։ Արդյոք սա կարո՞ղ ենք սպառնալիք համարել, և կարո՞ղ է Ռուսաստանը խոսքից գործի անցնել։ 

- Հայաստանի հետ որևէ մեկը իրավունք չունի էդ տոնով խոսելու։ Մենք էլ դնենք գնահատենք՝ դա սպառնալի՞ք է, թե՞ ոչ։ Հայաստանն անելու է և պետք է անի այն քայլերը, որոնք բխում են իր անվտանգության և զարգացման շահերից։

- Իսկ այդ քայլերը հակառակ էֆեկտ չե՞ն ունենա՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի նման թշնամի կարող ենք ձեռք բերել։

- Ամբողջ հարցն այն է, որ այդ քայլերը չանելու դեպքում Հայաստանը դատապարտված է դանդաղ մահվան, և դա կարելի է համարել որպես կոնստանտ մեծություն, և մնացած ռիսկերը պետք է հաշվարկել դրանից ելնելով։ Հայաստանը չունի ոչ ռիսկային ելք։ Այստեղ Հայաստանի գոյության և չգոյության միջև է ընտրությունը։ Այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը, Հայաստանի չգոյության առաջարկ է։

- ԵՄ անդամակցության մասին ևս հարց եղավ, վարչապետն ասաց, որ այդ հարցը որոշվում է հանրաքվեով։ Նաև վարչապետն ասաց, որ միաժամանակ իշխանությունը կարող է առաջնորդել, առաջարկել, սակայն որոշողը պետք է ժողովուրդը լինի։ Արդյոք իշխանությունն իր մեջ ունի՞ արդեն այդ որոշումը, թե՞ փորձ է արվում տրամադրություններ շոշափել։  

- Իմ տպավորությամբ՝ սա չի վկայում վերջնական որոշում ունենալու մասին։ Ես կարող եմ փոխանցել իմ և մեր կուսակցության դիրքորոշումը, համաձայն որի՝ Հայաստանը հետայսու պետք է իր բոլոր օրակարգերը ենթարկեցնի մեկ ռազմավարական նպատակի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցություն 2030 թվականին։  

- Իսկ ինչքանո՞վ է հնարավոր Հայաստանի եվրոպական ապագան։

- Այդ հարցը դիտարկում եմ այն հարթության վրա, ինչպես այն հարցը, թե Հայաստանն ընդհանրապես կարո՞ղ է ապագա ունենալ, թե՞ ոչ։ Այո՛, Հայաստանը կարող է ունենալ ապագա, և այդ ապագան կարող է լինել միայն եվրոպական։

Վովա Հակոբյան