Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա միայն Տավուշի խնդիր չէ․ այն ինչ արվում է ՀՀ-ի դեմ, մեծ օպերացիա է, որի նպատակն է Հայաստանում տապալել իշխանությունը

Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ 31 գյուղեր գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, իսկ Ադրբեջանը չի ընդունում այդ փաստը։ Այս մասին Сivic.am-հետ զրույցում ասաց ՄԱԱՀ-ի փորձագետ Ստյոպա Սաֆարյանը։ Փոխարենը, ըստ նրա, ադրբեջանական 4 գյուղերը ոչ թե գտնվում են հայկական օկուպացիայի տակ, այլ՝ միջդիրքային տարածքներում են, որոնք չեն կարող օգտագործել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը։ «Ադրբեջանը չի ընդունում, որ ինքը օկուպացված տարածքներ ունի։ Բայց ինքը՝ չընդունելով իր կողմից բուն, անվիճելի օկուպացիայի արդյունքները ինքը միջազգային հանրության և հայ հասարակության մոտ թողնում է տպավորություն, թե 4 գյուղեր գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո», - ասաց Սաֆարյանը։

Քաղաքագետը դեմարկացիայի 3 տարբերակ է հնարավոր համարում՝ թողնել այնպես, ինչպես կա։ Այսինքն՝ ադրբեջանական կողմն էլ պետք է ընդունի, որ ունի օկուպացրած հայկական տարբերակներ, որը, սակայն, չի ընդունում։ Երկրորդ տարբերակը՝ Հայաստանի կողմից միակողմանի զիջումն է։ «Հայտարարում ենք, որ այդ տարածքները Հայաստանինը չեն, այսինքն՝ Ադրբեջանինն է, վիճելի չէ, և, բնականաբար, այդ դեպքում միջազգային դաշտում իր գործողությւոնների լեգիտիմություն ապահովելու առումով Ադրբեջանը առանձնապես մեծ խնդիրներ չի ունենում ու վերադառնում է այդ հատվածներ՝ չվերադարձնելով այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին», - ասում է Սաֆարյանը։ Մյուս տարբերակը կարող է նոր էսկալացիայի վտանգ ստեղծել։ 

Ստյոպա Սաֆարյանը չի հասկանում՝ ի՞նչ իմաստ ունի խոսել միակողմանի զիջումների մասին, կոմունիկացիաները փոխելու մասին, եթե Ադրբեջանը չի ընդունում, որ հայկական տարածքներ ունի իր օկուպացիայի ներքո։

«Եթե Հայաստանը միակողմանիորեն ուղղակի հոգ է տանում միջազգայնորեն առկա սահմանների մասին, և ինքը հնարավորինս իր ճանապարհները հեռացնում է սահմանից, էդ դեպքում արդյո՞ք նույնը անում է Ադրբեջանը», - ասում է Սաֆարյանը և նշում, որ Ադրբեջանի կողմից այդպիսի հայտարարություն չի եղել։ 

Իսկ եթե ուղղակի դեմարկացիա է սկսվում, ապա քաղաքական լուծումների մի ամբողջություն է պատկերանում՝ ըստ Սաֆարյանի, որտեղ իսկապես հնարավոր է գալ քաղաքական համաձայնությունների։

Ալիևը, ըստ Սաֆարյանի, կանգ չի առնելու։ «Նա կասկածի տակ է դրել Հայաստանի ողջ  տարածքային ամբողջականությունը, սա միայն  Տավուշի խնդիր չի, դա միայն 4 գյուղի խնդիր չի։ Երբ գալիս հայտնվում է ուղիղ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, հավանաբար ռուսներն էլ իրենց կացարանը նվեր կանեն Ադրբեջանին՝ ինչպես արել են այլ տեղերում, այդ դեպքում կորցնում ենք կապը Վրաստանի հետ՝ այդ հատվածում, և երկրորդ՝ այն ինչ հիմա արվում է Հայաստանի դեմ՝ հատուկ մեծ օպերացիա է, որի նպատակն է լինելու Հայաստանում տապալել իշխանություն՝ որի նպատակն է կասեցնել Հայաստանի եվրոպական հավակնությունները, ոչնչացնել ուղղակի այդ պետությունը, որովհետև, եթե այդ 4 գյուղերը ոչնչի դիմաց տրվում է Ադրբեջանին՝ Տավուշում արդեն ունենալու ենք խաղաղապահ առաքելության անհրաժեշտություն։ Ռուսներն էլ այնտեղ կան»։

Ըստ Սաֆարյանի՝ այս ամենը շատ լավ սինխրոնացված է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանի համար, ըստ նրա, այդ տարածքում մնալու իմաստն այն է, որ Հայաստանը հանկարծ չթեքվի այլ ուղղությամբ։

«Իրականում Ալիևը շարունակում է կեղտոտ գործիք մնալ Ռուսաստանի համար՝ Հայաստանի հետ իրենց հաշիվները մաքրելու համար։ Ներքին ընդդիմությունը չկարողացավ այդ հարցը լուծել, Ռուսաստանը ուղիղ սահման չունի Հայաստանի հետ՝ Ուկրաինայի օրինակով հարցը լուծելու համար, մնացել է Ադրբեջանը»։

Ըստ Սաֆարյանի՝ Տավուշի գյուղերի խնդիրը կարող է ներքաղաքական լուրջ խնդիրներ առաջացնել, որը արդեն իշխանության խնդիր չէ, այլ՝ պետականության։ «Հարցը ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ նրա կուսակցությունը, ոչ էլ՝ իշխանությունը, այլ խնդիրը այստեղ տապալելն է այն կուրսը, որը չի թելադրվում Մոսկվայից։ Հենց դրա համար էլ իրենց էպիգոններին վերջին շրջանում կրկին ակտիվացրել են, «հայոց պետականության փրկության» շարժումներ են իրականացնում, որն անում են մի պետության մայրաքաղաքից, որն այդ հայոց պետականության վրա հարձակման հրաման է տվել Ալիևին։ Եվ նկատելի է, որ նախապատրաստություններ են տեղի ունենում։ Մոտ տասը ամիս է այս պրոցեսը եփվում է», - ասաց Սաֆարյանը։
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան