Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող ենք մնալ այս պարտության դառնության մեջ և այդ դառնությունից դուրս չգալ, բայց դա ի՞նչ է տալու․ lragir.am

Կարող ենք մնալ այս պարտության դառնության մեջ և այդ դառնությունից դուրս չգալ, բայց դա ի՞նչ է տալու․ lragir.am
Հարցազրույց
18:24, 10 сентябрь 2021
Lragir.am զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, դերասան Արթուր Մանուկյանը

-Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը մտադիր է մաստաբային և գունագեղ միջոցառումներով նշել Անկախության 30-ամյակը: Արդյոք այս տարի պետք է այդպիսի մեծ շուքով նշվեր տոնը: Կա՞ այստեղ խնդիր ընդհանրապես:

-Դժվար հարց է, իհարկե, որովհետև տարբեր տեսանկյուններից կարող ենք նայել խնդրին: Մեկն այն է, որ մենք պարտվել ենք, պետք է սուգ անենք և շարունակենք այդ սգի մեջ, երկրորդն էլ այն է, որ պետք է սկսենք մեր մեջքն ուղղել: Հիմա այս երկու տեսակետներն իրար են բախվել: Ինձ մոտ շատ հաճախ է եղել, որ սիրտ չեմ ունեցել ուրախության, բայց եղել են ընկերներ, որ համոզել են, ասել են՝ արի, այդ վիճակից դուրս կգաս: Շատ հաճախ եղել է, որ զոռով մտել եմ ինչ-որ մի ոչ համահունչ տարածք, և իսկապես փոխվել է հոգեվիճակը, որովհետև կյանքը շարունակվում է: Հիմա այս երկու տեսանկյունները կան: Մենք կարող ենք երկու տեսանկյուններին էլ քննադատաբար վերաբերվել, կարող ենք, ի վերջո, մի պահ հասկանանք, որ մեզ համաձայնություն է պետք և ամեն ինչին սուր, թշնամական չվերաբերվենք: Այո, կարող ենք մտածել, արդյոք ճիշտ է, թե սխալ, գուցե ճիշտ է, գուցե սխալ է: Սեպտեմբերի 22-ը ցույց կտա՝ դա ճիշտ էր, թե սխալ: Այո, կարող ենք մնալ այս պարտության դառնության մեջ և այդ դառնությունից դուրս չգալ, բայց դա ի՞նչ է տալու: Եկեք նստենք հասկանանք, եթե մեր դառնությունը կարող է մեզ օգուտ տալ, ուրեմն պետք չի նշել տոնը:

-Շատերը նշում են, որ այո, պետք է Անկախության 30-ամյակը նշել, բայց ոչ այդպիսի մասշտաբային ու գունագեղ, քանի որ պատերազմի զոհերի 1 տարին դեռ չի լրացել:


-Ես վարչապետի ուղերձը հասկանում են այսպես, որ սա Անկախության տոնն է, և Հայաստանի անկախության տոնի նկատմամբ պետք է ունենալ բացարձակ վերաբերմունք՝ անկախ ամեն ինչից: Ես անկեղծորեն հասկանում եմ, որ մարդիկ սիրտ չունեն, ես ինքս էլ սիրտ չունեմ, բայց ունենանք-չունենանք, անկախության տոնը պետք է նշենք: Սա բացարձակ արժեք է: Սա այն արժեքը չի, որ կարող ես ծախսել: Սրան պետք է վերաբերվել որպես տոնի և ընդունել որպես տոն բացարձակ ձևով: Սա այն ողնաշարն է, որի վրա կառուցվում է ցանկացած պետություն: Կա իհարկե նաև այլ տեսանկյուն, բայց չի կարելի թշնամանքով վերաբերվել իրար: Սա քննադատություն չի, այլ ոչ մի տեղ չտանող թշնամանք է: Մեր հասարակության մեջ դեռ դիալոգը չի կարողանում կայանալ, մեզ մոտ միայն իրար վրա թշնամական ցեխ շպրտոցի է ու վերջ, որից որևէ մեկը օգուտ չի քաղում:

-Իսկ անկախության գիտակցումը կա՞ մեր հասարակության մոտ:

Այսօր ես փորձի էի, որտեղ արվեստագետի դեր եմ կատարում, որը համարում է, որ ինքն ազատ է: Ռեժիսորի հետ այսօր շատ երկար խոսել ենք, թե ինչ է նշանակում ազատություն: Ցանկացած պահի անկախությունը վերաիմաստավորելու, այդ մտքի մեջ խորանալու և դրանից կյանքը բխեցնելու իմաստ կա: Ցանկացած բան սկսվում է անկախությունից, լինի առօրյա, լինի հաղթանակ, լինի հպարտություն: Խորհրդային շրջանում էս պետությունը հաջողություններ ունեցել է գիտության մեջ, արվեստում, բայց ես այդ հաջողություններին վերապահումներով եմ մոտեցել միայն այն բանով, որ մենք անկախություն չենք ունեցել: Հիմա այդ հաջողությունները մե՞րն է, թե ինչ-որ մի պետության կողմից պարտադրած ապրելու ձևը, որտեղ մենք հաջողություններ ենք ունեցել: Միայն անկախությունից հետո մեր ունեցած հաջողություններն ու անհաջողություններն եմ ես մերը համարել: Այդտեղ է, որ դա քոնն է: Պարտությունն էլ է մերը, հաղթանակն էլ է մերը, մյուս հաղթանակները, որ գալու են, լինելու են մերը: Միայն անկախության դեպքում ես քո լիարժեք կյանքն ապրում: Դա պետք է գիտակցել ամեն օր: Կրկնեմ՝ անկախության տոնը բացարձակ արժեք է՝  անկախ նրանից՝ սիրտ ունես, թե չունես։

Աղբյուր՝ lragir.am