Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջելու է ապահովել Լաչինի միջանցքով բեռների, քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժը, իսկ Ադրբեջանի պահանջը չեմ կարծում՝ կբավարարի. Արա Ղազարյան

Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջելու է ապահովել Լաչինի միջանցքով բեռների, քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժը, իսկ Ադրբեջանի պահանջը չեմ կարծում՝ կբավարարի. Արա Ղազարյան
Հարցազրույց
15:15, 22 февраль 2023
Civic.am-ի զրուցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

- Պարոն Ղազարյան, այսօր Հաագայի դատարանը (ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը) հրապարակելու է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը, որով Հայաստանը պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Եթե Հաագայի դատարանը բավարարի Հայաստանի հայցը՝ Ադրբեջանն անհապա՞ղ է բացելու Լաչինի միջանցքը։

- Դա մնալու է պետության կամքին, որովհետև բազմաթիվ են օրինակները, երբ Հաագայի դատարանի որոշումը չի կատարվել։ Օրինակ՝ Երուսաղեմի մեջտեղում ընդդեմ Պաղեստինի Իսրայելի կառուցած պատի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, մինչև հիմա վարույթ է ընթանում Իսրայելի՝ որպես օկուպանտ երկրի ընդդեմ Պաղեստինի, այս անգամ արդեն ՄԱԿ-ի ասամբլեայի դիմումի հիման վրա։ Դեկտեմբերի վերջին բանաձև ընդունվեց, որտեղ անընդհատ կրկնվում էր, որ Իսրայելը օկուպանտ երկիր է և այլն, բայց Իսրայելը շարունակում է օկուպանտ մնալ և չկատարել որոշումները։ 

Ադրբեջանը կարող է չկատարել Հաագայի դատարանի որոշումը, ամբողջ հարցն այն է՝ Ադրբեջանը Իսրայե՞լ է, թե՞ ոչ, այսինքն՝ ինքն ունի՞ այդ քաղաքական ռեսուրսները միջազգային արենայում, որպեսզի վա բանկ գնա։ Ադրբեջանը մինչև հիմա ոչ թե հայտարարում է, որ չի կատարելու, այլ հայտարարում է, որ ընդհակառակը՝ կատարում է, բայց մանևրում է, ինչպես Եվրոպական դատարանի վճիռների կատարման պարագայում։ Այսօր ես վստահ եմ, որ դատարանը կարձանագրի խախտում, որովհետև չափազանց շատ արդեն այլ աղբյուրներից գնահատականներ կան Լաչինի միջանցքի վերաբերյալ, ուստի չեմ կարծում, որ դատարանն այլ որոշում կայացնի։ Իսկ Ադրբեջանը մանևրելու է այդ որոշման կատարման պրոցեսում, ինչպես հիմա՝ ճանապարհը մեկ բացվում է, մեկ փակվում է, հումանիտար օգնությունն են ներկայացնում որպես տեղաշարժի իրավունքի հարգում, և Ադրբեջանն այսպես շարունակելու է։     

- Այսինքն՝ Հաագայի դատարանը եթե արձանագրի, որ ապօրինաբար փակել է միջանցքը, Ադրբեջանը կարող է տևական ժամանակ չբացել այն։ 

- Դատարանն այսօրվա որոշմամբ իրավախախտում արձանագրելու իրավունք չունի։ Այսինքն՝ չի որոշելու, որ ապօրինի փակ է՝ որոշելու է բացել ճանապարհը և ապահովել տեղաշարժի իրավունքը, որովհետև Դատարանը հիմա չի կարող այդպիսի ձևակերպում տալ, որով կանխորոշի ապագայում կայացվելիք դատական ակտը։ Սա միայն հրատապ միջոց է, այսինքն՝ շատ զգուշավոր տեքստով դատարանը պահանջելու է Ադրբեջանից ապահովել բեռների, քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժը։ Բայց ապագայի համար նախանշվելու է, որ խախտում է տեղի ունեցել։ 

- Եվ ինչպես նշեցիք, Ադրբեջանը կարող է ամիսներով չկատարել այդ որոշումը։ 

- Մանևրելու է։ Մի կողմից՝ փորձելու է ամենատարբեր մեթոդներով խոչընդոտել Ղարաբաղի անկախ գոյությունը, մյուս կողմից՝ ցույց է տալու, որ մասամբ կատարում է, կամ կան խոչընդոտներ, որոնք հնարավորություն չեն տալիս կատարելու դատական ակտը։  

- Այս դեպքում որևէ տարբերակ կա՞ պարտադրելու Ադրբեջանին կատարել Հաագայի դատարանի որոշումը։

- Տարբերակը՝ խնդիրը ավելի բարձր աստիճանի բերելն է՝ ՄԱԿ-ի ԱԽ կամ ՄԱԿ-ի ասամբլեա, բայց իրավախախտումը դեռ նման խստության չի հասել, որ նման մեխանիզմներ գործի դրվեն։ 

- Այսօր ակնկալվում է նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշման հրապարակում, որով Ադրբեջանը պահանջում է դադարեցնել Լաչինի միջանցքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղ ականներ տեղափոխելու համար։ Եթե Ադրբեջանը չունենար փաստեր, կարո՞ղ էր դիմել Հաագայի դատարան։ 

- Դա Ադրբեջանի ձեռագիրն է միջազգային ատյաններում՝ առնվազն 2010թ. սկսած, երբ մտացածին խնդիրներ է բարձրացնում և փորձում է ինչ-ինչ փաստերով հիմնավորել դրանք։ Առայժմ Ադրբեջանին շատ քիչ է հնարավոր դարձել դա անել։ Մեկ անգամ Ադրբեջանի դիմումը ականների մասով մերժվել է, որովհետև փաստական հանգամանքներ չի ներկայացրել։  Բացի դրանից, Ադրբեջանը ոչ միայն պետք է հիմնավորի, որ Հայաստանը տեղադրում է այնտեղ ականներ, որը պարտված պետության համար տրամաբանական չէ, թե ինչպես կարող է ականներ տեղափոխել և տեղադրել այնտեղ, բայց պետք է դա կապի նաև ռասայական խտրականության հետ, այն է՝ ականները տեղադրում են, որպեսզի քաղաքացիները չվերադառնան, չապրեն, այսինքն՝ էթնիկ զտում է։ Եվ միջազգային հանրությունը սովորական տրամաբանության շրջանակում պետք է դատի՝ պարտված պետությունը կարո՞ղ է հաղթող պետությանը պարտադրել կամ էթնիկ զտում իրականացնել, ավելի հավանական է հակառակը, որն էլ Հայաստանն ասում է՝ Ադրբեջանն է էթնիկ զտում իրականացնում Ղարաբաղում։

Դեռ միջազգային որևէ մարմին ես չեմ տեսել, որ հաստատի, թե Հայաստանի զինված ուժերն այնտեղ ականներ են տեղադրում։ Դատարանը բացառապես հիմնվելու է Ադրբեջանի ներկայացրած փաստարկների վրա, և ես չեմ կարծում, որ դա կբավարարի։   

- Եթե Հաագայի դատարանը որոշի, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը, այդ հարցը շարունակելո՞ւ է քննվել արդեն Ադրբեջանի կողմից իրավախախտում կատարելու կոնտեքստում։

- Հաագայի դատարանը գործի էության քննությունը շարունակելու է։ Հայաստանն անցյալ տարի հունվարից մինչև այս տարի հունվարը՝ մեկ տարի ժամանակ խնդրեց, որպեսզի գանգատը վերջնական տեսքով ներկայացվի, և արդեն հունվարի 23-ին ներկայացվել է, իսկ Ադրբեջանն ունի մեկ տարի՝ 2023թ. հունվարի 23-ից մինչև 2024թ. հունվարի 23-ը, որպեսզի պատասխանի Հայաստանի ներկայացրած վերջնական գանգատին։ Այնպես որ, այս վարույթը երկար է տևելու, ինչպես տեսնում եք սովորական դատավարական գործողության համար մեկ տարի է տրվում պետությանը, իսկ դատավարությունը կտևի մոտավորապես 10 տարի, բայց միջանկյալ որոշումները շատ կարևոր են, որովհետև դրանցով նախանշվում է դատարանի ապագա որոշումը։ 

- Այս պահին ՄԻԵԴ-ի կողմից քանի՞ վճիռ կա կայացված ընդդեմ Ադրբեջանի, և ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի կառավարությունը, որպեսզի Ադրբեջանը դրանք ի կատար ածի։

- Առայժմ ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի 6 վճիռ կա կայացված, բայց դեռ ավելանալու են։ ՄԻԵԴ վճիռների կատարման պլատֆորմը Նախարարների կոմիտեն է՝ Եվրոպայի խորհրդի, այսպես ասած, գործադիր իշխանությունը, որն ունի նաև մեխանիզմներ։ Այդ բոլոր վճիռներով կատարողական վարույթներ հարուցված են, որոնց մասին կարող ենք տեղեկանալ նախարարության կայքից։ Հայաստանի կառավարությունը գնալով մեծացնում է ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ ներկայացնելով փաստեր Նախարարների կոմիտե, այդ թվում նաև՝ երրորդ անձանց կողմից, այսինքն ավելի հստակ՝ ես էլ եմ ներկայացնում փաստեր որպես շահագրգիռ կողմ՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանը չի կատարում վճիռները։ Նախարարների կոմիտեում կա վարույթ, որով առաջին 2 տարին պատասխանող պետությանն է նախաձեռնությունը տրվում՝ ներկայացնելու գործողությունների ծրագիրը, բայց ոչ մի գործով Ադրբեջանը դեռ գործողությունների ծրագիր չի ներկայացրել։ Այսինքն՝ հասունանում է այն պահը, որ Ադրբեջանի դեմ կարող է Եվրոպական դատարանում վարույթ հարուցվել Նախարարների կոմիտեի կողմից, որ Ադրբեջանը չի կատարում վճիռները, կամ էլ Նախարարների կոմիտեն կսկսի արդեն ընդունել քաղաքական փաստաթղթեր ընդդեմ Ադրբեջանի՝ միջանկյալ կամ վերջնական բանաձև, որ Ադրբեջանը հրաժարվում է վճիռը կատարել, և դա արդեն տանելու է քաղաքական սանկցիայի։ Ուղղակի Նախարարների կոմիտեում պետք է համոզվեն, որ Ադրբեջանը չի կատարում, այլ ոչ թե չի կարողանում կատարել։ 

- Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքը Նախարարների կոմիտեում, արդյոք պասիվ չե՞ն։

- Ես չունեմ որևէ փաստ, որ ասեմ ՀՀ ԱԳՆ-ն թերացել է։ Պարբերաբար բոլոր 6 գործերով ներկայացվում են հաղորդումներ, այդ թվում նաև դիմումատուների կողմից՝ ամենատարբեր հատկանիշներով, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ վճիռները։ Նախարարների կոմիտեում պրոցեսը նույնպես տարիներ է տևում, ինչպես նշեցի՝ առաջին-երկու տարին հիմնականում նախաձեռնությունը թողնվում է պատասխանող պետության մարմիններին։ Եթե երկու տարին լրանում է և ոչ մի քայլ չի կատարում, Նախարարների կոմիտեն նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը։ Հիմա ընդունված վճիռների դեռ 2-3 տարին են հատել՝ բացառությամբ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի, և Հայաստանը նոր մտնում է այն փուլը, որտեղ ավելի մեծանալու է վերահսկողական մեխանիզմների օգտագործումը Ադրբեջանի նկատմամբ։  

Նարա Մարտիրոսյան