Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը միջազգային հանրությունից երաշխիք չի ստացել, որ պատերազմի երկրորդ ճակատ բացելու համար չի պատժվի. քաղաքագետ

Ադրբեջանը միջազգային հանրությունից երաշխիք չի ստացել, որ պատերազմի երկրորդ ճակատ բացելու համար չի պատժվի. քաղաքագետ
Հարցազրույց
18:03, 05 апрель 2023
Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների, ադրբեջանա-իրանական լարվածության և ռուս-ուկրաինական սպասվող նոր լարվածության ալիքի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։

- Պարոն Անտինյան, վերջին շրջանում լարվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները. ինչո՞վ է պայմանավորված սա, Ադրբեջանը ինչի՞ է փորձում հասնել։

- Նախ՝ այն, ինչ տեղի է ունենում, այնպես չէ, որ կանխատեսելի չէր։ Ադրբեջանը իր մտքից չի հանել Սյունիքով արտատարածքային ճանապարհ ստանալու հարցը, և Իրանը բազմիցս ասել է, որ դա իր համար կարմիր գիծ է։ Բացի դրանից, նաև ԱՄՆ-ն է հայտարարել, որ  տարածաշրջանում վերաձևումը անթույլատրելի է։ Այս պարագայում Ադրբեջանը փորձեր է անում Իսրայելին ներգրավել իր ծրագրերի մեջ և ցույց տալ, թե հիմա տեսեք՝ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստեղծել, և քանի որ դա անընդունելի է ԱՄՆ-ի համար, Ադրբեջանի համար սա հնարավորություն է ԱՄՆ-ի քայլերը օգտագործելու հօգուտ իրեն, որպեսզի չպաշտպանի Հայաստանին, ասի՝ դե եթե դու պաշտպանում ես քո ռազմավարական դաշնակից Իսրայելին, այդ պարագայում Իսրայելն էլ ցանկանում է Իրանի հետ կապված այնպիսի քայլեր անել, որի դեպքում կհայտնվի Իրանի թիրախում։ Մենք պետք է չափազանց զգույշ լինենք ԱՄՆ-ի և Իրանի հետ բանակցությունների հարցում, և անկախ նրանից՝ այդ երկու երկրների հարաբերությունները կսրվեն, թե ոչ՝ երկու պարագայում էլ մեր շահերից է բխում, որ նրանք շարունակեն պնդել, որ ՀՀ-ով անցնող ճանապարհը չի կարող լինել արտատարածքային. սա ամենակարևոր հարցն է, որովհետև մեր թշնամիները քնած չեն և ուղիներ են որոնում, իսկ մենք պետք է համարժեք քայլեր անենք։
Մենք պետք է Իրանի հետ շատ ավելի հստակ աշխատենք և շատ ավելի ագրեսիվ աջակցություն ակնկալենք, որովհետև փորձ են անում  նրան անկյուն քշել։

- Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո կարծես թե մենք չենք տեսնում այդ երկրի ագրեսիվ հայտարարությունները. որքանո՞վ է հնարավոր տարածաշրջանում նոր էսկալացիա, այդ թվում՝ Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ։

- Երկրաշարժը թուլացրել է Թուրքիայի իշխանություններին, բայց Թուրքիա պետությունը այնքան չի թուլացել, որպեսզի մենք համարենք, որ այլևս վտանգը չեզոքացված է։ Թուրքիան այսօր ավելի է շահագրգռված ակտիվացնել Ադրբեջանին, որովհետև պայմանավորված ներքին խնդիրներով՝ նա դա անել չի կարող, բայց նախաձեռնողը ինքը չի լինելու։ Այսինքն՝ Ադրբեջանը մեծ հաճույքով կգնա էսկալացիայի, և Ադրբեջանը չի գնում դրան, ոչ թե որովհետև ուժերը բավարար չի համարում, այլ պարզապես այսօր ինքը չի ստացել երաշխիք, որ միջազգային հանրությունը երկրորդ ճակատ բացելու համար չի պատժի։ 44-օրյա պատերազմում այդ երաշխիքը կար, կար երաշխիք, որ ՌԴ-ն մեզ չի աջակցելու, որ Թուրքիան աջակցելու է իրեն, իսկ միջազգային հանրությունը դա համարելու է ներքին կոնֆլիկտ։ Այսօր դա է նրան զսպում, ոչ թե այն խնդիրը, որ պատերազմում հաջողություն չի ունենա: Իսկ Թուրքիայում կա մի բան, որ չպետք է մեր աչքից վրիպի, այն, որ հստակ չէ՝ Էրդողանը կընտրվի, թե ոչ, և այս անկանխատեսելիությունը ոչ միայն ներքին խնդիրներով է պայմանավորված, այլև արտաքին քաղաքական պայմանավորվածություններ է ուզում ունենալ, որպեսզի կարողանա ընտրություններում հաղթի։

- Ռուս-ուկրաինական ճակատում որոշիչ գործողություններ կլինեն, և որքանո՞վ այդ ամենի ազդեցության աստիճանը մեր տարածաշրջանում բարձր կլինի և ի՞նչ հետևանք կլինի այդ լարվածության ֆոնին։

- Իհարկե, մեր տարածաշրջանի հետ սերտ առնչություն կա այն պարզ պատճառով, որ բոլորն էլ հասկանում են՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին լինելու է նոր աշխարհակարգ՝ նոր հաղթողներ և պարտվողներ։ Այդ պարագայում ինչպես կարող է ազդեցություն չունենալ, երբ Ռուսաստանն էլ փորձում է իր կողմ քաշել Չինաստանին և Իրանին։ Մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք և հայտնվելու ենք այն վիճակում, որ ընտրություն կատարենք Իրանի հետ կապված, ինչը մեզ բացարձակ ձեռնտու չէ. ակտիվ չեզոքության փոխարեն՝ ստիպված կլինենք ինչ-որ կերպ ներգրավվել այդ հարցում։ Դա Հայաստանի համար կարող է լինել կործանարար, բայց այդ խնդիրը օբյեկտիվորեն ծագելու է մեր առաջ, այսինքն՝ ինչ-որ մի պահի Իրանը պետք է որոշի՝ օգնում է Ռուսաստանին ընդդեմ Արևմուտքի, թե օգնում է Արևմուտքին ընդդեմ ՌԴ-ի։ Բոլոր քայլերը չնայած ցույց են տալիս, որ Իրանը օգնելու է ՌԴ-ին, բայց ես համարձակություն ունեմ ասելու, թեկուզ սխալվեմ, բայց Իրանը նման արկածախնդրության չի գնա և կանգ կառնի, և այդ ժամանակ մենք կհասկանանք՝ ինչ ենք անում, երբ նաև Իրանի շահերից չբխի Արևմուտքի հետ առճակատումը։ 

Գեղամ Ադյան