Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասկանանք՝ ով ինչ է արել․ Ինչպե՞ս ստացվեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կոչումը կրող զինված ուժերը նման պարտություն կրեցին․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովից սպասումները

Հասկանանք՝ ով ինչ է արել․ Ինչպե՞ս ստացվեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կոչումը կրող զինված ուժերը նման պարտություն կրեցին․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովից սպասումները
Հասարակություն
18:32, 27 июль 2021
Երեկ «Քաղաղացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանի և «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։

Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ իրենց կուսակցության մասնակցության մասով դեռ քննարկում չեն արել, բայց համոզված է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտ է։

«Նույնիսկ, եթե հիշում եք, ընդդիմությունն էլ էր պահանջում, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի։ Իհարկե անհրաժեշտ է, և պետք է բոլոր-բոլոր մութ անկյունները բացահայտվեն։ Այն զինվորականները, նաև այն գործիչները, որոնք գլուխ էին գովում, որ իրենք էս են արել, էն են արել, հասկանանք, թե ով ինչ է արել և ով ինչ չի արել, դա շատ կարևոր է»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Դիտարկմանը՝ որոշ շրջանակներ արդեն սկսել են հայտարարել, թե իշխանության նախաձեռնած հանձնաժողովի ստեղծումը օբյեկտիվության հարցեր կարող է առաջացնել, Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ այդ հանձնաժողովում ներկայացված կլինեն նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժեր, ինչպես նաև հայտարարվել էր արտախորհրդարանական ուժերի մասնակցության մասին, և այդտեղ օբյեկտիվությանը կասկածելու հարց չի առաջանա։

«Բնական է՝ ամեն ինչը չի, որ հանրությունը կիմանա, բայց գոնե պարզ կլինի՝ ինչ է իրականում կատարվել»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։   
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանն էլ ասաց, որ 44-օրյա պատերազմն այն հարցերից է, որը մեծ տարակարծություններ և տարբեր ասեկոսեներ է առաջացրել հասարակության մեջ, և բնականաբար հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն է, թե ինչպես ստացվեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կոչումը շարունակ կրող զինված ուժերը նման պարտություն կրեցին, ովքեր են դրա համար պատասխանատու, և ինչպիսի թաքնված ծալքեր ունի այս պարտությունը։ 

«Եվ կարծում եմ՝ այդ առումով արդարացված է քննիչ հանձնաժողովի ստեղծումն այս հարցով, և կարևոր է, որ դա նախաձեռնում է իշխանությունը՝ դրանով իսկ զրկելով իր խորհրդարանական ընդդիմադիր գործընկերներին այս հարցի շուրջ անհարկի դիվիդենդներ շահելու հնարավորությունից։ Եթե իշխանությունը խուսափեր քննիչ հանձնաժողովի ստեղծումից, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունն ամեն կերպ խուսափում էր Մարտի 1-ի հետ կապված հանձնաժողով ստեղծելու գաղափարից, որ Հայ Ազգային Կոնգրեսն էր առաջարկում, այդ դեպքում դա իրոք իշխանության վարկանիշի վրա բացասական ազդեցություն կթողներ»,- ասաց Արտաշես Խալաթյանը։  

Նա նշեց, որ շատ կարևոր է, թե ինչպիսին կլինի հանձնաժողովի կազմը, որին փորձելու են մասնակից դարձնել նաև արտախորհրդարանական ուժերին։ Իրավագետի խոսքով՝ այստեղ և՛ իրավական, և՛ քաղաքական խնդիրներ են առաջանում, քանի որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանվում է, թե ովքեր կարող են լինել քննիչ հանձնաժողովի կազմում, միայն խորհրդարանում ներկայացված ուժերը, մնացած ցանկացած քաղաքական ուժի մասնակցություն կարող է լինել փորձագետի կամ ոչ պաշտոնապես ուղղակի կարող են թույլատրել ներկա լինել նիստերին, այսինքն՝ առանց քվեարկության իրավունքի, նրանք որոշումների կայացման գործընթացին չեն կարողանա մասնակցել, իրենց ձայնը ֆորմալ նշանակություն չի կարող ունենալ։ 

«Այստեղ իհարկե խնդիր է առաջանալու, թե ինչպես է իշխանությունը տեսնելու այդ ուժերի մասնակցությունը  իրավակարգավորումների շրջանակում և ինչ լուծում կառաջարկի։ Երկրորդն իհարկե քաղաքական մասն է, երբ նշվեց, որ նախևառաջ  հիմք են ընդունելու արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական մարմինը որպես հիմք՝ այդտեղից մասնակիցներ վերցնելու համար: Այստեղ խնդիր է առաջանում նրա համար, որ արտախորհրդարանական ուժերի մի մասը հանրությանը հայտնի չեն և այս ընտրություններին զուտ գրանցվել են որպես մասնակից քաղաքական կուսակցություն, այդտեղ կան թավշյա հեղափոխության օրակարգին կողմնակից ուժեր, անգամ նախկին իշխանությունների հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող ուժեր, և թե որքանով  բոլորին հավասար մասնակից դարձնելն այդ ձևաչափին  արդյունավետ կլինի, դա քննարկման խնդիր է»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

Նա նշեց, որ «Հանուն հանրապետության» կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի ձևաչափին չի մասնակցում, բայց իրենց կուսակցությունն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որ պատրաստ են ներգրավվել այդ աշխատանքներին՝ դրանով իսկ ցույց տալով նաև, հուշելով իշխանությանը, որ այդ ձևաչափից դուրս ևս կան կարող և անկեղծորեն երկրի ժողովրդավարացման  իրավունքի գերակայության հաստատման հարցում շահագրգիռ ուժեր։ 

«Ընդհանուր առմամբ ես գովելի եմ համարում այս նախաձեռնությունը, բայց սպասենք, թե ինչպիսի միս ու արյուն կստանա այդ նախաձեռնությունն արդեն իրական կյանքում»,- եզրափակեց Արտաշես Խալաթյանը։            

Լիլիթ Թադևոսյան