Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզահրապարակ և խաղահրապարակ՝ Մարգահովիտ համայնքում

Մարզահրապարակ և խաղահրապարակ՝ Մարգահովիտ համայնքում
Հասարակություն
22:00, 11 август 2021
ՀՀ ճապոնիայի դեսպանատան ֆինանսական ներդրմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի և «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ Մարգահովիտ համայնքում կառուցվել է մարզահրապարակ և խաղահրապարակ՝ նպատակ ունենալով ապահովել ավելի լավ կրթական միջավայր և խրախուսել առողջ ապրելակերպը համայնքում:

Աշխատանքներն իրականացվել են Մարդկության անվտանգության Grassuoots  ծրագրի շրջանակներում: Ներդրումը կազմել է ավելի քան 19 հազար ԱՄՆ դոլար:

Խաղահրապարակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, նախարարության, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքի, հասարակական կազմակերպության, Մարգահովիտի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչեր, հյուրեր:

Մարզի ղեկավարի և իր անունից Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային և Ճապոնիայի կառավարությանը շնորհակալություն հայտնեց  մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը նման կարևոր ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա ընդգծեց նաև «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության մեծ ներդրումը ծրագրի կյանքի կոչման հարցում:

Վարչության պետը հույս հայտնեց, որ Ճապոնայի դեսպանատան հետ համագործակցությունը կշարունակվի՝ ծնունդ տալով մարզում նորանոր արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Հարկ է նշել, որ խաղահրապարակում ու մարզահրապարակում տեղադրվել են մարզասարքեր նաև համայնքի և դպրոցի ներդրմամբ: Խաղասարքեր ձեռք են բերվել նաև ներառական կրթություն ստացող երեխաների համար՝ կարևորելով նրանց ինտեգրումն ու լիարժեք կրթության ապահովումը: